AM
2 Նոյեմբեր 2004 - 12:58 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունել է ՌԴ Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի ռուսական զորքերի հրամանատար, ՌԴ բանակի գեներալ Ալեքսանդր Բարանովին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը: Ինչպես տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում Ս.Սարգսյանը նշել է, որ մարտական պատրաստության բնագավառում Հայաստանն եւ Ռուսաստանը խնդիրներ չունեն, անց են կացվում զանազան համատեղ զորավարժություններ, կատարվում է ամենօրյա համաձայնեցված աշխատանք: Գեներալ Բարանովն իր հերթին նշել է, որ շատ լավ ծանոթ է տարածաշրջանին եւ իրավամբ համոզված կարող է ասել, որ ռուս զինվորականների հանդեպ տեղաբնակների վերաբերմունքը միշտ էլ ջերմ է եղել: «Համոզված եմ, որ մեր երկու ժողովուրդների միջեւ նման ջերմ հարաբերությունը հավերժ կլինի եւ ոչ միայն ռազմական ոլորտում, այլեւ մյուս ոլորտերում եւս»,- ավելացրել է նա: Կողմերը եւս մեկ անգամ հաստատել են, որ հայ-ռուսական ռազմական, տնտեսական եւ մշակութային բնագավառներում հարաբերություններն այսօր որակապես նոր աստիճանի վրա են` հիմնված բարեկամության, փոխշահավետ համագործակցության վրա: