AM
2 Նոյեմբեր 2004 - 15:20 AMT

ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՄԱԿ-ՈՒՄ ԼՈՒՐՋ ՎՆԱՍ ԿՀԱՍՑՆԻ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

«ՄԱԿ-ում` Ադրբեջանի «օկուպացված» տարածքների իրավիճակի մասին հարցի քննարկումը լուրջ վնաս կհասցնի խաղաղարար գործընթացին»,- հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով` ՄԱԿ-ն այն կազմակերպությունը չէ, որը պետք է զբաղվի ղարաբաղյան հիմնախնդրի հարցով, քանզի այդ խնդրով զբաղվում է ԵԱՀԿ: Թուրքական ATV հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ դեմ հանդես գալով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի օրակարգում տվյալ հարցի ընդգրկման կապակցությամբ, Ֆրանսիայի ներկայացուցիչը արտահայտել է ոչ միայն իր կառավարության` այլ նաեւ Ռուսաստանի եւ Վաշինգթոնի դիրքորոշումը: «Այսօր, երբ բոլորն աակնկալում են խաղաղ գործընթացի վերսկսում, նման նախաձեռնության անհրաժեշտություն չկար,- հայտարարել է Յու.Մերրզլյակովը,- ՄԱԿ-ում այդ հարցի քննարկումն ի օգուտ չի լինի, այլ վնաս կհասցնի խաղաղ բանակցություններին»: ՄԽ ռուսաստանցի համանախագահը նշել է նաեւ, որ «պետք չէ խառնել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձեւերը եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերը` վեհաժողովների բանաձեւերը միայն հանձնարարական բնույթ ունեն»: