Այն ժողովրդավարական և ազատության ընդլայնման քաղաքականությունը, որ սկսվել է Սիրիայում, մասնավորապես ընտրությունների տեսքով, թույլ է տալիս, որպեսզի աջակցություն ցուցաբերվի այդ գործընթացներին: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ պարոն Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհը: «Նկատենք, որ օտար պետությունների միջամտությունը, և մասնավորապես ընդդիմադիր ուժերի զինումը որևէ կերպ չի լուծելու խնդիրը, այլ ավելի է բարդացնելու այն: Կարծում եմ, որ այն ծրագիրը, որը մշակել է ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանը, և հավանության է արժանացել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից, կարող է հաջողությամբ պսակվել այն պայմանով, որ չլինի օտարի միջամտությունը»,- ասաց փոխնախագահը:
Նրա կարծիքով, մի շարք միջամտող պետություններ ցանկանում են կրկնել Սիրիայում այն տարբերակը, որն իրականացրել են Լիբիայում: Դա ուղղված է Իսրայել պետությանն աջակցելու, այլ ոչ թե Սիրիայի խնդիրները լուծելուն: «Մենք կարծում ենք, որ պետք է պաշտպանել Քոֆի Աննանի մշակած նախագիծը, արգելել ցանկացած զինամթերքի մուտքը Սիրիա և նպաստել քաղաքական և ժողովրդավարական գործընթացների զարգացմանը»,-հավելեց նա: Իրանի փոխնախագահը գտնում է, որ, ելնելով այն դիրքորոշումից, որը որդեգրել են Չինաստանը և Ռուսաստանը, նրանք գրեթե բացառում են, որ արևմտյան պետությունները կարող են ռազմական միջամտության գնալ Սիրիայում:
«Պետք է նշել, որ Իրանն օգտագործում է բոլոր ջանքերը Սիրիայի իշխանությունների և ընդդիմադիր ուժերի միջև երկխոսություն ձևավորելու համար: Հուսով ենք, որ միջազգային կառույցներն ի վիճակի կլինեն իրականացնել այն նախագծերն ու ծրագրերը, որը մշակվել և իրագործվում են Քոֆի Աննանի կողմից»,-եզրափակեց նա:





