AM
17 Հուլիս 2012 - 14:34 AMT

«Զվարթնոցի» մաքսատանը դյուրացվել է ձևակերպումների գործընթացը

Պետական եկամուտների կոմիտեի շարունակական բարեփոխումները «Զվարթնոց» մաքսատանը նոր իրողություն են բերել: Կառույցի առջև խնդիր է դրված ուղևորներին մատուցել միջազգային չափանիշներին համահունչ բարձրակարգ ծառայություն, հետևաբար սպասարկման որակի բարելավմանն ու տեխնիկական վերազինմանն ուղղված միջոցառումներն այստեղ մշտական բնույթ են կրում:

Պայմանավորված օդանավակայանի ուղևորային համալիրում ուղեբեռի ստացման համար նախատեսված ևս 2 ժապավենների համալրմամբ, ըստ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան պետ Սամվել Սաֆարյանի, մաքսատան գործելաոճում ևս փոփոխություններ են արվել` հօգուտ ուղևորների. «Տեխնիկական վերազինման արդյունքում այժմ ավելի քան 50 տոկոսով արագացվել է ուղևորների սպասարկման գործընթացը, իսկ շնորհիվ ավելացած ժապավենների, այժմ մաքսավորները միանգամից 6 կետից են հետևում գործընթացին, ընդ որում, ուղևորից աննկատ` տեղադրված հատուկ տեխնիկայի» «Ռապիսկան» տեսակի զննող ներսադիտակների և սարքավորումների միջոցով»:

Սամվել Սաֆարյանի խոսքերով, մաքսային ձևակերպումներն արագ կատարելու համար մաքսատանն օգտագործվող տեխնիկան պարբերաբար թարմացվում է ժամանակակից տեխնոլոգիաներով. «Վերջերս ձեռք են բերվել ևս 7 համակարգիչներ, ընդլայնվել են «կանաչ», «կարմիր» ուղիները: Մաքսատանը նաև բանկային մասնաճյուղ է բացվել, ինչը հնարավորություն է տալիս սահմանված չափը գերազանցող ուղեբեռի դեպքում, ի տարբերություն նախկին կարգի, ձևակերպումները նույն պահին իրականացնել` առանց մաքսատնից դուրս գալու»: Ուղևորային սրահում ներդրված մաքսային ձևակերպումներին առնչվող նորամուծությունները գործում են նաև ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահում: «Ուղևորների հետ շփման ընթացքում մաքսավորը պետք է դրսևորի բացառապես բարեհամբույր և բարեկիրթ վերաբերմունք: Այդ խնդիրը գտնվում է իմ անմիջական ու հետևողական հսկողության ներքո: Չէ որ Հայաստան եկող յուրաքանչյուր այցելու կամ զբոսաշրջիկ առաջին տպավորությունը հենց այստեղից է ստանում»,-վստահեցրել է մաքսատան պետ Սամվել Սաֆարյանը:

Արագ սպասարկումն առաջնային տեղում է նաև մաքսատան բեռնափոխադրումների սրահում, մանավանդ ամառային շրջանում: Այստեղ ևս նորագույն այդ տեխնիկայի կիրառմամբ ավելի են հեշտացվում բեռների ընդունումը, մշակումն ու պահպանումը: Ի դեպ, փչացող ապրանքը քաղաքացիներն անհրաժեշտության դեպքում կարող են ի պահ հանձնել ժամանակակից սառնարանում: Բեռնահամալիրում նաև շուրջօրյա հերթապահություն է սահմանված բոլոր ծառայությունների կողմից:

Մաքսատան պետի տեղակալ Արմեն Պողոսյանի տեղեկացմամբ, օդանավակայանում տեսանելի վայրում տեղադրված մոնիթորներից` պարբերաբար հեռարձակվող տեսահոլովակի միջոցով ուղևորներին նաև տեղեկացվում է, թե ինչպես և որտեղ պետք է հայտարարագրվի բեռը:

Այսպիսով, «Զվարթնոց» մաքսատանն իրականացված բարեփոխումների շնորհիվ դյուրացվել է ձևակերպումների գործընթացը, բարձրացվել մատուցվող ծառայությունների որակը, նվազագույնի հասցվել շփումը մաքսավորի հետ` չթուլացնելով հսկողությունը, հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: