AM
20 Հուլիս 2012 - 06:44 AMT

«Հայկական ժամանակ». Փուչիկների գործով մեղադրվող Սերոբ Բոզոյանը բերանով փուչիկ է փչում ու վաճառում

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ երեկ երեկոյան թերթի թղթակցին հաջողվել է գտնել փուչիկների համար մեղադրվող Սերոբ Բոզոյանին: Նա չի աշխատում ինչ-որ լուրջ ծառայությունում, չի աշխատում որևէ խանութում կամ կրպակում: Նա երևանյան փողոցներից մեկի (փողոցը թերթը չի նշում) մայթեզրին նստած` ոչ թե գազով, այլ բերանով փուչիկ է փչում ու վաճառում: Այս մարդու «աշխատավայրը» միանգամից տրամաբանական մի շարք հարցեր է առաջացնում: Արդյո՞ք այս մարդը այդ վայրում կարող էր մի քանի հազար փուչիկ փչել, ու արդյո՞ք այդքան բարդ էր նրան գտնելը, որ ոստիկանությունը միայն նախօրեին է նրան մեղադրանք առաջադրել, արդյո՞ք նա հայկական արդի արդարադատության համակարգում քավության հերթական նոխազը չէ:

Չափազանց խեղճ և վախեցած այս մարդը միանգամից հրաժարվել է պատասխանել թերթի թղթակցի հարցերին: Միակ բանը, որ նա կրկնել է` այն է, որ ինքը հոգնել է: «Ես չեմ ուզում խոսամ: Էս երեք ամսում հոգիս դուրս եկավ: Չեմ ուզում ոչ խոսամ, ոչ ինչ-որ բան խոսամ»: Արդյո՞ք իսկապես ինքն է փչել փուչիկները, եթե՝ այո, ապա` որտե՞ղ և ինչպե՞ս, արդյո՞ք ինքը գիտեր, որ փուչիկները լիցքավորում է վտանգավոր գազով, այդ ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀԿ-ն 7000 փուչիկ է պատվիրել հենց իր մոտ: Այս և մի շարք այլ հարցեր մնացել են անպատասխան:

«Ձեզ սպառնացե՞լ են, որ որևէ բան չասեք»,- հարցրել է թերթի թղթակիցը Սերոբին:

-Ի՞նչը պետք ա սպառնան: Ինչի՞ տեր եմ, որ ինչին էլ սպառնան: Հոգնել եմ արդեն ամեն ինչից, ուզում եմ` մեռնեմ գնամ: Չգիտեմ` ինչ անեմ:

-Արդա՞ր է, որ ձեզ մեղադրանք են առաջադրել:

-Էդ հետո կերևա:

-Դուք ձեզ մեղավոր համարո՞ւմ եք:

-Այ ցավդ տանեմ, ես ինձ վատ եմ զգում հիմա, չեմ ուզում խոսալ: Մեծ դժբախտություն է տեղի ունեցել: Ըտեղ դիտավորություն կա՞: Բոլորին էլ պարզ ա, որ դժբախտություն ա տեղի ունեցել: Վերևը Աստված կա, ինքը գիտի, թե ինչ ա եղել: Ես ի՞նչ կարամ անեմ: Չեք պատկերացնում, թե ինձ համար ինչ ծանր ա, ինչ դժվար ա:

-Ծանր է ու դժվար, քանի որ ձեզ մեղավո՞ր եք զգում, թե՞ ծանր է, որ ձեզ անարդարացի են մեղադրում:

-Ամեն ինչն էլ: Ամեն ինչն էլ:

-Ձեզ մեղավոր համարո՞ւմ եք այս դեպքի համար:

Թղթակցի այս հարցին ի պատասխան` նա դառը ժպտացել է ու հեռացել: