Նոյեմբերի 12-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս եւ ֆրանսիացի համանախագահներ Յուրի Մերզլյակովին եւ Անրի Ժակոլենին: Ինչպես հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում, հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ հարցեր եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Նշենք, որ նույն օրը նախարարը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին: Ինչպես հաղորդել է աղբյուրը, նիստի օրակարգը ընդգրկում էր մի շարք հարցեր, այդ թվում եւ այնպիսիք, որոնք վերաբերվում էին ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության համակարգերի կատարելագործված համակարգի ստեղծմանը, նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին արագ եւ արդյունավետ արձագանքմանը, կազմակերպված հանցավորության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին: Նիստում իր ունեցած ելույթում Վ.Օսկանյանը ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ որոշ երկրներ աջակցել են Ադրբեջանի նախաձեռնությանը` Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներում տիրող իրավիճակի մասին հարցը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 59-րդ նստաշրջանի օրակարգ մտցնելու ուղղությամբ: Այդ առնչությամբ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը տարակուսանք է հայտնել, քանի որ այդ երկրների նման դիրքորոշումը հակասում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշմանը:





