Աղդամի ազատագրումը 1993 թ-ի հուլիսի 23-ին բարոյական հաղթանակ էր, ռազմական հետագա գործողությունների բանալին, գտնում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Մամլո ասուլիսի ժամանակ նա նշեց, որ միայն ռազմական գրագետ պլանի շնորհիվ այն ազատագրվեց, և հետագա բոլոր հաղթանակների կերտման համար ուժ տվեց:
Պատմաբանի խոսքով, Աղդամն Ադրբեջանի սիրտն ու հոգին էր, ինչպես նաև զենքի և զինամթերքի կենտրոնատեղի էր: «Սպիտակ քաղաքի» ազատագրումով կոտրվեց թշնամու ոգին, և հաղթանակը մեր կողմն անցավ: Մինասյանը նշեց, որ հենց Աղդամի հաղթանակից հետո ազատագրվեցին Ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբաթլին և Հորադիզը:
Ինչ վերաբերում է այսօրվա Աղդամին, որից միայն ավերակներ են մնացել, Մինասյանի կարծիքով անհրաժեշտ է լուրջ քաղաքականություն, այն կրկին վերաբնակեցնելու համար: Ըստ պատմաբանի, քանի այն ամայի է, ադրբեջանցիները հույս կունենան այն վերադարձնել, իսկ եթե վերաբնակեցվի, նրանք վերջնականապես իրենց հույսը կկորցնեն:





