Իր պաշտոնաթողությունից հետո Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջին անգամ պատասխանել է լրագրողների հարցերին: Նախկին նախագահի պատասխանները բերված են «Առավոտ» թերթում: Լ.Տեր-Պետրոսյանը նախօրեին վերադարձել է ԱՄՆ-ից, որտեղ ԱՊՀ պետությունների ներկայիս եւ նախկին նախագահներից միակն է եղել, որ մասնակցել է Լիթթլ Ռոկ քաղաքում (Նեւադա նահանգ) Բ.Քլինթոնի գրադարանի բացման արարողությանը: Նրա մամուլի ծառայությունն անցյալ շաբաթ օրը տարածել էր Ջ.Բուշի հետ նրա առանձնազրույցի մասին տեղեկատվություն, սակայն ԱՄՆ-ում panarmenian.net-ի իրազեկ աղբյուրները հերքել են այդ: Մեր տեղեկատվությունը, փաստորեն, հաստատել է ինքը` նախկին նախագահը: Պատասխանելով Ջ.Բուշի հետ հանդիպման մասին լրագրողների հարցին` նա ասել է. «Մենք մի քանի բառ ենք փոխանակել ոտքի վրա»: Նա շրջանցել է գալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին հարցը: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե չի՞ ափսոսում, որ ժամանակին նշանակել է Ռ.Քոչարյանին վարչապետ` նախկին նախագահը նշել է, որ այն ժամանակ ոչ ոք դեմ չի եղել դրան: Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ անդրադարձել է Ուկրաինայում տիրող իրավիճակին` «իմ կարծիքով բոլորն էլ ցանկանում են, որ հաղթի Յուշչենկոն»: Բացի այդ նա տեղեկացրել է, որ ավարտել է աշխատանքը խաչակրաց արշավանքների մասին գրքի վրա եւ պատրաստվում է գրել երկրորդը: Վերջին ժամանակներս Լ.Տեր-Պետչոսյանի մասին ակտիվացած տեղեկությունները կարող են վկայել նախկին նախագահի քաղաքականություն վերադառնալու մասին:





