Օրաթերթը գրում է, որ եթե սեպտեմբերին անցկացվելիք ՏԻՄ ընտրությունները որոշ համայնքներում թեժ մթնոլորտում են անցնելու, ապա Էջմիածնում, իրենց հասած լուրերով, դա տեղի չի ունենա, քանի որ, համայնքից հասած լուրերի համաձայն, արդեն այժմ գեներալ Մանվելի մարդիկ գործի են անցել և սպառնալից հայտարարություն են անում՝ ի լուր ամենքի, որ ոչ ոք չհանդգնի առաջադրվել քաղաքապետի թեկնածու:
Մանվել Գրիգորյանի՝ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո, փաստորեն, Էջմիածնում իր քաղաքապետ որդու՝ Կարեն Գրիգորյանի պաշտոնավարման հարցը կասկածի տակ չի առնվի, և նա կրկին հայտ կներկայացնի այս պաշտոնի համար: Թեպետ դեռ շաբաթներ առաջ լուրեր կային, որ քաղաքապետ դառնալու հավակնություններ ունեն Էջմիածնի մեծահարուստներից մեկի` Ալբերտ Սախկալյանի որդին, ինչպես նաև ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, ու նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը: Սակայն երեկ նրանցից ոմանց հետ զրույցից պարզ դարձավ, որ Էջմիածնում տիրող մթնոլորտը, համենայնդեպս, հետ է պահել նախկին ցանկություններից:
Հակոբ Հակոբյանը թերթի հետ զրույցում ասել է, որ չի առաջադրվելու, քանի որ անձնական գործերն ավելի շատ են, ուզում էր թեթևացնել, բայց ֆիզիկապես չհասցրեց, նոր աշխատանքի նախագծեր կան մասնավոր ոլորտում, դրա համար էլ հիմա զբաղվում է դրանցով:





