AM
31 Հուլիս 2012 - 09:46 AMT

Պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարել քննիչների թափուր տեղերի համար

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը արտահերթ քննություն է անցկացնում քննչական ծառայությունում քննիչների թափուր հաստիքների համալրման, ինչպես նաև քննիչի թեկնածուների կադրային ռեզերվ ստեղծելու համար:

Քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր բավարարում են «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քննիչի պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող պահանջները, ստացել են բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան :

Քննիչի թեկնածուներն ազատվում են քննության գրավոր փուլից և մասնակցում են միայն բանավոր փուլին` հարցազրույցին, եթե ունեն դատախազի, քննիչի պաշտոնում 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ և, եթե այդ պաշտոնը թողնելուց հետո 3 տարին դեռ չի անցել:

Քննությանը մասնակցելու համար քննիչի թեկնածուն քննչական ծառայության կադրերի բաժանմունք պետք է ներկայացնի

1. գրավոր դիմում (տրվում է քննական հանձնաժողովի նախագահի անունով), 2. քննիչի պաշտոնը զբաղեցնելու համար համապատասխան մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները (բարձրագույն մասնագիտական կրթությունը հավաստող պետական նմուշի դիպլոմի և (կամ) օտարերկրյա պետության ուսումնական հաստատությունից ստացված`Հայաստանի Հանրապետությունում վավերական ճանաչված ավարտական փաստաթուղթ, աշխատանքային գրքույկ կամ քաղվածք-տեղեկանք աշխատանքային գործունեության վերաբերյալ), 3. անձնագրի բնօրինակը և պատճենը, 4. ինքնակենսագրություն (ձեռագիր), 5. տեղեկանք բնակության վայրից, 6. արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի բնօրինակը և պատճենը, 7. 1 լուսանկար` 3X4 սմ չափի: