Վերջին ամիսներին աննախադեպ առատությամբ հոդված, մեկնաբանություն, կանխատեսական վերլուծումներ և թելադրական կոչեր են գրվում ու հնչում սիրիահայության մասին: Մինչև Սիրիայի վերջին դեպքերը, սիրիահայությունը համահայկական ուշադրության լուսարձակներից հեռու էր, որոշ առումներով հասկանալի, այսուհանդերձ ոչ արդարացված պատճառներով: Այս մասին ասվում է Բեյրութում հրատարակվող «Ազդակ»ի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանի Սիրիայի իրադարձություններն ու հայկական լրատվադաշտը» հոդվածում: Նա հիշեցնում է, որ սիրիահայությունը մեր դասական, ամենահին գաղութներից և սփյուռքահայ կյանքի մարդուժի հայթայթման կարևոր շտեմարանի փորձ ամբարած ու նկատառելի արտադրողականություն նվաճած շատ կարևոր միջավայր է:
Ըստ հեղինակի, լրատուական լուսարձակների մոդայիկ կեդրոնացումը, մրցակցային կշռույթով ստուգված ու չստուգված լուրերը շրջանառության մեջ դնելու հևքը այսօր ստեղծած են խայտաբղետ մի իրավիճակ , ուր լրագրողական շուկան պահանջ-սպառողի կանոնների հիմամբ հեղեղած է լրատվադաշտը: «Այստեղ, որոշ լրատվությունների դեպքում կան պատվերային շարժառիթներ ի հարկե, այլոց համար ընդհանուր մրցավազքից ետ չմնալու մղումներ, իսկ սակավաթիվերի համար ալ` սիրիահայության ձեռք երկարելու գիտակցական ինքնաթելադրանքներից ներշնչված քայլեր»,-նշում է Քանդահարյանը:
Այս թոհուբոհում ականատես ենք լինում հաճախ արևմտյան քարոզչության ուղղակի հայացման, նման լրատվությունների բառացի կրկնօրինակացումին և բնականաբար նրանցից ազդված մեկնաբանությունների:
Արդյունքը` խուճապային մթնոլորտի տարածումն է, «ժողովրդավարացման» քաղաքականության տարածումի քարոզչության ալիքների տակ ընկնելը և ապալուսաբանելը:
«Որոշ լրատուամիջոցներ սիրիահայության նկատմամբ իրենց ցուցաբերած նախանձախնդրության չեն կարողացել սահման դնել: Հոդվածագիրները առաջարկում են ամբողջ սիրիահայությունը տեղափոխել Ջավախք, այնտեղ հատուկ ավան կառուցել` միաժամանակ լուծելով թե՛ սիրիահայության խնդիրը և թե՛ Ջավախքի հայաթափումի հարցը:
Ուրիշներ գաղափարախոսական հիմք են փորձել հաղորդել օրախնդրին` հաստատելով, որ սիրիահայությունը արևմտահայերի շառավիղ է, առ այդ` պետք է վերադառանա Արևմտահայաստան (մոռանալով Կիլիկիան):
Մինչ, ֆեյսբուքահայությունը իբրև այլընտրանքային լրատուադաշտի օգտատերերի նկատառելի համրանք քննարկում է Հայաստանում սիրիահայերի ապաստան տալու անհետաձգելի գործը: Կարելի չէ անշուշտ բացառել հայրենակիցների օգնության փութալու միաժամանակ թե՛ ազգային և թե՛ մարդասիրական պատրաստակամության փաստը: Խնդիրը սակայն ունի քաղաքական երանգներ: Ուղերձը այս երևույթին նաև այն է, որ ի բացակայություն պետական կառույցների ձեռնարկելիք գործին, քաղաքացիական հասարակությունն է, որ ուզում է կազմակերպել ճգնաժամի մեջ հայտնված մարդոց օգնության փութալու աշխատանքը: Այս շարժումը նախաձեռնողները հայտարարում էին, որ մինչ այժմ սիրիահայ մեկ ընտանիքի օգտակար էին դարձել` Երևանի մեջ ճարելով էժան վարձով բնակարան»,-ասվում է հոդվածում
«Խնդիրը անշուշտ զերծ չէ նաև ներհայաստանյան քաղաքական շահարկումներից: Իշխանությունները որևէ ձևով պատրաստ չեն ընդունելու հայրենադարձության մասին մտածող սիրիահայերը. հայրենիքից արտագաղթածների դիմաց, ինչպե՞ս կարելի պիտի լինի հայրենադարձություն կազմակերպելը: և այսպես մինչև… «Միջին Արևելքի մեջ ռուսական վերջին կայանի կորստից հետո կարգը կովկասյան ռուսական կայանին` Հայաստանի Հանրապետությանն է» պիտի ուզեր կանխատեսել մի մեկնաբան։
Սիրիահայությունը համասփյուռքյան առումով հայկական արժեհամակարգի պահպանման մեծ դերակատարություն ունեցած կուռ, կազմակերպ համայնք է, որ ունի խոր արմատներ: Այն քաղաքական շահարկումների ենթարկելը` փոքր և կարճաժամկետ առավելներ ապահովելու համար նվազագույն ըսելաձևով լրատուական առարկայականության հետ աղերս չունեցող երևույթ է:
Բայց հարցը անշուշտ միայն լրագրողական արհեստավարժության հետ կապ չունի: Չմոռանանք ստեղծված տագնապին և պատերազմական իրավիճակին հետ թուրքական շահագրգռվածության չափը և Թուրքիայի առաջադրած «անվտանգության գոտի»-ին անմիջականությունը: Հայկական յուրաքանչյուր լրատուամիջոցի կողմից նման հաշվարկ չկատարելու փաստը լրագրողական աշխատանքից ակնկալուած օրինաչափությունների չի վերաբերվում միայն:
Սիրիահայության տագնապը երկրի իրավիճակին հետ կարող է երկար տևել: Հայկական լրատուադաշտը զգոնության, սթափության, արհեստավարժության և թշնամիին քայլերը հաշվարկելու հրամայականին առջև է: Հեռու` խուճապայնությունից, շահարկումներից և ազդեցության ալիքներին հանձնվելու փորձություններից»,-ասվում է Շահան Քանդահարյանի հոդվածում:





