ՀՀ Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր Հանրային խորհրդում կրկին քննարկվել է հեռուստաեթերի հարցը: Այս անգամ քննարկմանը մասնակցել են հեռուստաընկերությունների ղեկավարները: Մասնավորապես, «Հ1», «Շանթ», «Արմենիա», «Շողակաթ», «Կենտրոն», «Ար», «Երևան» և «Դար 21» հեռուստաընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նախ ներկայացրել է վերջին մեկ ամսվա ընթացքում Հանրային խորհրդում խնդրի վերաբերյալ իրականացված քննարկումներն ու հնչած առաջարկները, ապա հեռուստաընկերությունների ներկայացուցիչներն իրենց տեսակետներն են արտահայտել՝ ընդհանուր առմամբ ընդունելով հեռուստաեթերի կարգավորման անհրաժեշտությունը:
Մասնավոր հեռուստաընկերությունների ներկայացուցիչները բարձրացրել են հավասար մրցակցային դաշտ ունենալու հարցը: Քննարկման մասնակիցները կարևորել են Հանրային հեռուստաընկերության եթերում կրթադաստիարակչական բովանդակությամբ սոցիալական գովազդներ հեռարձակելու անհրաժեշտությունը: Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանն առաջարկել է Հանրային հեռուստաընկերության և Հանրային խորհրդի միջև ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի Հ1-ում եթերային բարեփոխումներ իրականացնելու գործով:
Հեռուստաընկերությունների ղեկավարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մի քանի նմանատիպ հանդիպում-քննարկումներ անցկացնել, որոնց արդյունքները Հանրային խորհրդում անցկացված և անցկացվելիք հանրային այլ քննարկումների արդյունքների հետ միասին սեպտեմբեր ամսին հստակ առաջարկների տեսքով կներկայացվեն հանրապետության նախագահին:





