«Մենք ունենք Կիպրոսի օրինակը, հակամարտությունը որի շուրջ ունի հին պատմություն, սակայն Կիպրոսի հունական մասը դարձել է ԵՄ անդամ: Այսինքն չլուծված կիպրոսյան հակամարտությունը չխանգարեց Եվրոպային նման որոշում կայացնել: Եվրոպացիները ուղղակի հաշտվեցին իրականության հետ»,-ասում է հայտնի քաղաքագետ Ա.Իսկանդարյանը «Երկիր» թերթին տված հարցազրույցում: Նշենք, որ նա արդեն երկու տարի է ինչ տեղափոխվել է Հայաստան եւ գլխավորում է Երեւանում Մեդիայի կովկասյան ինստիտուտի հետազոտական բաժինը: Կովկասի նշանակությունը Արեւմուտքի համար չափազանցնում են, գտնում է նա, օրերս վերադառնալով երկարատեւ շրջագայությունից Արեւմտյան Եվրոպայով եւ Թուրքիայով: Իսկանդարյանի կարծիքով. «Աշխարհում Լեռնային Ղարաբաղի նման տարածքները տասնյակների են հասնում , իսկ Կովկասի նման կարեւոր տարածաշրջանները աշխարհում տասից ավելի են»: Եթե ենթադրենք, որ Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, ինչպես դա արել էր Թուրքիան Հյուսիսային Կիպրոսի դեպքում, ապա, քաղաքագետի կարծիքով, Հայաստանի վրա «մի քիչ կզայրանան, իսկ հետո ամեն ինչ կմնա նույնը»: Պատասխանելով բանակցային գործընթացի խափանման դեպքում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին հարցին` Ա. Իսկանդարյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները այդքան հիմար չեն, որ մարտական գործողություններ սկսեն, չունենալով հաջողության հարյուր տոկոսանոց երաշխիքներ, իսկ նման երաշխիքներ նրանք ունենալ չեն կարող: Որպեսզի ադրբեջանական բանակաը նոր որակ ստանա, հարկ կլինի, որ փոխվի ադրբեջանական հասարակությունը, իսկ դա չի կարող տեղի ունեալ կարճ ժամանակում: «Իսկ եթե դա տեղի չունենա, ապա ամենահանճարեղ պլանը, նույնիսկ կազմված թուրք գեներալների կողմից, չի կարող իրականացվել»: Պատերազմը, որը կտեւի 2-3 շաբաթից ավել, ըստ Իսկանդարյանի, կհանգեցնի Ադրբեջանի ապակայունացմանը եւ խմբակային շահերի ներքին պայքարի: «Իսկ ինչ վերաբերում է ռազմական եւ հակահայկական քարոզին, ապա դա շատ ճիշտ քայլ է» քաղաքական տեխնոլգիայի առումով: Սակայն այդ տեխնոլոգիան ոչ մի կապ չունի պատերազմի իրական վերսկսման հետ: Ամփոփելով, քաղաքագետը գալիս է եզրակացության, որ առավել իրատեսական կարելի է համարել ստատուս-կվոյի պահպանման սցենարը, որը շահավետ է եւ հայերի ու ադրբեջանցիների եւ Արեւմուտքի համար:





