AM
1 Օգոստոս 2012 - 12:17 AMT

Արմեն Պողոսյանը հացի թանկացման մասին. Անվերահսկելիությունը միևնույն է անում է իր «սև գործը»

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացնում են , որ 2012 թ. հուլիս ամսին հունիս ամսվա համեմատ բարձր տեսակի հացը թանկացել է 2.6%-ով: Ընդհանուր առմամբ հուլիսին հացամթերքի շուկայում 1.5% գնաճ կա, ընդ որում` առաջին տեսակի ալյուրը թանկացել է 1.6%-ով: Հացի թանկացման պատճառը ալյուրի թանկացումն է: Բարձր կարգի ալյուրը թանկացվել է դեռ մայիսին` 10-15%-ով, ինչն էլ ազդել է հացի գների վրա: Ներկայում բարձր կարգի ալյուրը մեծածախ վաճառակետերում վաճառվում է կգ-ը 230-240 դրամով,մ ինչդեռ մայիսի ն այն 200 դրամ էր: Հայաստանում հացի գնի թանկացումը կապում են միջազգային շուկայում ցորենի շարունակական գնաճի հետ:

«Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նման թանկացումները շարունակական բնույթ են կրում, և չի բացառվում, որ նոր թանկացումներ էլ լինեն: Սպառողների իրավունքների պաշտպանը գտնում է, որ բացի միջազգային գները, այստեղ իրենց «սև գործն » են անում նաև մենաշնորհն ու անվերահսկելիությունը: «Անընդհատ շահարկվում է միջազգային շուկան: Բոլորը գիտեն, որ եթե դրսում 2-3 տոկոս գնաճ կա, ապա աշխատավարձերը 5-6 տոկոսով բարձրանում են: Եվ հետո միշտ չէ, որ մեր երկրում թանկացումները կապ ունեն դրսի հետ, ուղղակի այժմ համընկել է: Առհասարակ մեզ մոտ թանկացումները սովորական երևույթ են դարձել», – ասաց Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով վերջին տարիների ընթացքում Հայաստանում չի թանկանում միայն բանջարեղենը, իսկ մնացածի պարագայում պատկերը այնքան էլ մխիթարիչ չէ:

Նշենք, որ փորձագետները ցորենի միջազգային գների աճը պայմանավորում են Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում բնակլիմայական անբարենպաստ պայմաններով: Հուլիսի վերջին Չիկագոյի բորսայում ցորենի տոննայի գինը բարձրացել է մինչեւ 336 դոլար: Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգստում, որտեղից Հայաստանը ձեռք է բերում ներմուծվող ցորենի մեծ մասը, ցորենի 1 տոննայի արժեքը 305 դոլար է :