AM
2 Օգոստոս 2012 - 08:39 AMT

Արարատյան դաշտավայրում կարտոֆիլի բերքի 90 տոկոսը վտանգված է ցեցի համաճարակի պատճառով

Արարատյան դաշտավայրում կարտոֆիլի բերքի 90 տոկոսն այլևս պիտանի չէ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը: Նրա խոսքով, յուրաքանչյուր 1 տոննա կարտոֆիլից սննդի համար պիտանի է միայն 150 կգ-ը: Ֆերմերի խոսքով, գյուղացիները գյուղատնտեսական վարկերը փակելու խնդիր են ունենալու, և եկող տարի կարտոֆիլը կթանկանա: Խոդեդանյանը նշեց, որ նրանք դիմել են գյուղատնտեսության նախարարություն, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել:

Ասուլիսի մյուս բանախոս, ֆերմեր Արմեն Սիմոնյանը պատմեց, որ այդ ցեցերը չունեն բերան, որպեսզի նրանց թունավորեն, փոխարենը նրանք 4 օրը մեկ 400-ից ավելի ձու են ածում: Նրանց կյանքը շատ կարճ է, փոխարենը` բազմաքանակ սերունդ են տալիս:

Ֆերմերը, որպես պայքարի միջոց, նշել է հատուկ թունաքիմիկատի ներկրոււմը Հայաստան: Այն շատ թունավոր է, և մոտ 25 օր մնում է բույսի մեջ և չի կարելի այն վաճառել այդքան ժամանակ: Ֆերմերները նշեցին, որ Հայաստանը բանջարեղեն չի արտահանում, և 25 օր կարանտինի տակ հնարավոր է պահել բերքը:

Նման համաճարակ Հայաստանում նկատվում է առաջին անգամ: Գյուղատնտեսները գտնում են, որ ցեցը կարող էր գալ Թուրքիայից ներկրված լոլիկի արկղում: