AM
2 Օգոստոս 2012 - 11:08 AMT

Օգոստոսի 6-ին կբացվեն Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան հիմնանորոգված մասնաշենքերը

Օգոստոսի 6-ին տեղի կունենա Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան հիմնանորոգված 2 մասնաշենքերի բացման արարողությունը: Ծրագիրն իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ: Անհրաժեշտ միջոցները գոյացել են հիմնադրամի երկարամյա բարերարներ Համո և Թամար Գրիգորյաններ ընտանիքի նվիրատվություններից և 2011թ-ի համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարներից:

Մանկատանը ներկայումս խնամք են ստանում մինչև 6 տարեկան ավելի քան 120 երեխաներ, ովքեր ունեն մտավոր և ֆիզիկական շեղումներ:

Բացմանը ներկա կլինեն հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանը և նրա տիկինը, տեղական մարմնի վարչական անդամ Անդրանիկ Միքայելյանը, բարերարը տիկնոջ և երեք զավակների հետ, հոգևոր և պաշտոնատար անձինք: