Օգոստոսի 2-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի հանձնարարականով Երևանի 3 դպրոցներ առանձնացվեցին Սիրիայից վերադարձած հայ ընտանիքների երեխաների կրթությունն ապահովվելու նպատակով: Սակայն «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը համոզված է, որ այդ դպրոցները այսօր պատրաստ չեն ընդունելուսիրիահայ աշակերտներին, քանի որ այդ երեխաների հետ պետք է ուրիշ կերպ աշխատել: «Նախ նրանք խոսում են արևմտահայերեն, երկրորդ՝ տարբեր է մեր ու նրանց կրթական միջավայրը», -գրել է Անահիտ Բախշյանը Ֆեյսբուքի իր էջում:
Նա համոզված է, որ այս խնդիրը հեշտությամբ կլուծվեր, եթե մենք արդեն ունենայինք հանրակրթությունը համընդհանուր ներառական սկզբունքի վրա դնելու մասին օրենքը, որը թույլ կտար ցանկացած դպրոցի ունենալ թե անհրաժեշտ մասնագետներ, թե միջոցներ՝ նրանց ներառումը կազմակերպելու համար: «Նշեմ, որ այդ օրենքի նախագիծն արդեն Ազգային Ժողովում է և հույս ունեմ, որ աշնանային նստաշրջանում այն արդեն կդրվի քննարկման և հնարավորինս բաց ու արդյունավետ հրապարակային քննարկումների շնորհիվ կունենանք Հանրակրթության մասին ՀՀ նոր օրենք՝ հիմնված համընդհանուր ներառական սկզբունքի վրա, որը նշանակում է, որ բոլոր դպրոցներում պետք է կրթությունը կազմակերպել ներառական սկզբունքի վրա, այսինքն, անկախ երեխայի մտավոր և ֆիզիկական հնարավորություններից, տվյալ դեպքում՝ լեզվից, յուրաքանչյուր դպրոց հոգա և բավարարի յուրաքանչյուր երեխայի կրթական կարիքը», – գրել է Անահիտ Բախշյանը:





