AM
7 Օգոստոս 2012 - 06:58 AMT

Այսօր սկսվում է սիմուլյացիայի մեջ մեղադրվող զինվորի դատը

Կապանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկում է Հայաստանի զինված ուժերի ծառայող Ռուբեն Միքայելյանի դատը: Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել է Քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Իրեն որևէ վնասվածք պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության այլ միջոցով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելը». Նա զորամասում ածելիով կտրել էր երակները, սակայն բժիշկներին հաջողվել էր փրկել նրան: Այս գործով մեղադրվում է նաև նույն զորամասի սերժանտ Սուրեն Մխիթարյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` (իշխանությունը չարաշահելը) այն բանի համար, որ նա, հանդիսանալով N զորամասի սերժանտ, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանները, թույլ է տվել գործողություններ, որոնց համար լիազորված չէ ոչ մի պաշտոնյա, և անձնական այլ շահագրգռվածությամբ, ծեծի է ենթարկել իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող շարքային Ռուբեն Միքայելյանին:

Հիշեցնենք, որ զինվորի մայրը`Շամիրամ Միքայելյանը հացադուլ էր հայտարարել և պահանջում էր որդուն արձակուրդ տալ, որպեսզի նա կարողանա բուժվել: Շամիրամ Միքաելյանը սպառնացել էր իր պահանջները չկատարելու դեպքում ինքնահրկիզվել: Հացադուլի ժամանակ կնոջ ինքնագիտակցությունը կտրուկ վատացել էր և նրան տեղափոխել էին հիվանդանոց: