Ասորիները չեն համարում, որ Հայաստանում իրենց իրավունքները ոտնահարված են: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Հայաստանում ասորիների համայնքի ներկայացուցիչ, Ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնի համակարգող նախագահ Ռազմիկ Խոսրոևը: «Մենք չունենք քաղաքական խնդիր, մենք ունենք կրթամշակութային խնդիր: Ասորական դպրոցների, երիտասարդ սերնդին ասորական ավանդույթներով դաստիարակելու խնդիր ունենք»,- նշեց նա`խոսելով այսօր Հայաստանում ասորիների` որպես ազգային փոքրամասնության կարգավիճակի և դրության մասին:
Խոսրոևը նշեց, որ այսօր Հայաստանում կա 4 ասորաբնակ գյուղ, ինչպես նաև գործում են ասորական քրիստոնեական եկեղեցիներ: Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, Հայաստանում բնակվում է մոտ 6000 ասորի, իսկ ամբողջ աշխարհում, համաձայն վերջին տվյալների, նրանց թիվը կազմում է 3,5 միլիոն:





