AM
23 Դեկտեմբեր 2004 - 16:30 AMT

ՇՈՒՇԻԻ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՆԱԽԿԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԴԵՄ Է ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԻՐԱՔ ՈՒՂԱՐԿԵԼՈՒՆ

Շուշիի գումարտակի` Արցախի պատերազմի ամենամարտունակ եւ կարգապահ ստարաբաժանումներից մեկի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը (այժմ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարկական կազմակերպության համակարգող) այսօր բաց նամակով դիմել է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորներին, որտեղ կոչ է արել նրանց քվեարկել հայ մասնագետներին Իրաք ուղարկելու որոշման դեմ: «Ոչ ոք չի կարող գոնե մեկ տրամաբանական պատճառ բերել, որը կարդարացներ Հայաստանի մասնակցությունը իրաքյան ամերիկաբրիտանական ավանտյուրային: Հայ զինվորը երբեք չի արատավորել իր զենքի պատիվը: Յուրաքանչյուր պատգամավոր, առավել եւս խմբակցություն, պարտավոր է անել նաեւ անկարելին ձախողելու համար այս պայմանագրի վավերացումը», մասնավորապես ասվում է նամակում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստում պետք է քննարկվի Իրաք հայ մասնագետներին` բժիշկներին, սակրավորներին, վարորդներին, ուղարկելու հարցը: Նման որոշման դեմ հանդես են եկել երկրի ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը: Հայաստանի ազգային անվտանգության նախկին ղեկավար Աշոտ Մանուչարյանը Իրաք հայ կոնտինգենտ ուղարկելու ցանկացած կողմնակցի անվանել է իր անձնական թշնամին: Միեւնույն ժամանակ պետանվտանգության մեկ այլ նախկին ղեկավար, նախկին իշխող կուսակցության` ՀՀՇ-ի ականավոր դեմքերից մեկը` Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, թե սա այն հազվադեպ հարցերից մեկն է, որի շուրջ նա համաձայն է ներկայիս իշխանությունների հետ: Մինչդեռ «Առավոտ» թերթը հաղորդում է, որ Իրաք կոնտինգենտ ուղարկելու հետ է կապվում հաջորդ տարի ամերիկյան «Լինսի» հիմնադրամի կողմից 100 մլն դոլարի հատկացումը` Հայաստանում գյուղատնտեսության վերականգնման նպատակով: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջ.Էվանսը նաեւ հիշեցրել է, որ Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը Եվրասիայում բնակչության մեկ շնչին հատկացվող ամերիկյան օգնության քանակով եւ ասել է, որ հասկանալով հայ հասարակության մտահոգությունը, ողջունում է Հայաստանի որոշումը Իրաք զորք ուղարկելու մասին: Հայաստանի հասարակությունն առաջին հերթին մտահոգված է արաբական երկրներում հայկական սփյուռքի ճակատագրով, որը կարող է ավելի վտանգվել իսլամական ծայրահեղականների պատճառով