AM
23 Դեկտեմբեր 2004 - 17:26 AMT

ՀԱՅ ՀԱՆՐԱՀԱՅՏ ՋԱԶՄԵՆԸ 60 ՏԱՐԵԿԱՆ Է

Հայ հանրահայտ ջազմեն Լեւոն Մալխասյանն (Մալխաս) այսօր 60 տարեկան է դարձել: Ջազմեն-դաշնակահարը, որը ելույթ է ունեցել աշխարհի ավելի քան 40 երկրների դահլիճներում, որին շատերն անվանում են Հայաստանում ջազի հիմնադիր, իրեն չի համարում այդպիսին: «Առավոտ» թերթի հետ այսօրվա հարցազրույցում նա ասել է, որ ինքը փոքր ջազ-խմբերի ստեղծողն է եւ ոչ թե Հայաստանում ջազի հիմնադիրը: Նա երախտագիտորեն հիշում է իր նախորդներին: Ի տարբերություն խորհրդային մյուս երկրների, որտեղ ջազը երկար ժամանակ արգելված էր, Հայաստանում արդեն 60-70-ական թվականներին կազմակերպվում էին հայտնի ջազմենների` Բի Բի Քինգի, Մաքս Գրեգերի եւ ուրիշների հյուրախաղերը: «Անի» հյուրանոցի սրահում 5 ժամ տեւողությամբ ջեմ-սեյշն եմ անցկացրել Բի-Բի Քինգի խմբի հետ», հիշում է Մալխասը: Լ.Մալխասյանը հպարտ է նաեւ իր երազանքի իրականացման` 1998 թվականին Երեւանում ջազ-փառատոնի կազմակերպման համար: Այսօր Երեւանում գործում են մի քանի սրճարաններ եւ ակումբներ` «Առագաստ», «Լեդի Բլյու», «Ավանգարդ», որտեղ հնչում է կենդանի ջազային երաժշտություն, սակայն դա բավարար չի, համաձայնվում է թերթի լրագրողի հետ Մալխասը: Առայժմ անկատար է մնում երժիշտի մեկ այլ նախագիծ` ջազային դպրոց-ստուդիայի բացումը, որտեղ ուսումն անվճար է լինելու: