«Հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը ազատագրված տարածքների բնակեցման քաղաքականություն են վարում, ցավոք, չի համապատասխանում իրականությանը», ասում է «Ազգ» թերթին ազատագրված տարածքների պաշտպանության հասարակական նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Աղայանը: Պետական մակարդակով նախկին հայկական տարածքների բնակեցման քաղաքականություն է իրականացնում Ադրբեջանը, եւ մենք նրանից սովորելու շատ բան ունենք, շարունակում է «Ազգում» հրապարակված հոդվածի հեղինակը: Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր Մաքսիմ Միրզոյանը հիշեցնում է, որ Ադրբեջանում հայերը կորցրել են 180.000 բնակարան: Այդ մարդկանցով պետք է բնակեցնել Ղարաբաղին հարող տարածքները: Այդ առումով պատգամավորը գտնում է, որ անթույլատրելի է Քարվաճառի (Քելբաջար) եւ Քաշաթաղի (Լաչին) շրջանների կարգավիճակի փոփոխությունը: «Ամեն դեպքում Լաչինը եւ Շուշին չեն կարող սակարկության առարկա լինել», ավելացնում է թերթի մեկ այլ զրուցակից` «Երկրապահ» կամավորականների միության վարչության անդամ Մյասնիկ Մալխասյանը:





