AM
15 Օգոստոս 2012 - 10:07 AMT

Արման Բաբաջանյան. Սիրիայի հայ համայնքը տագնապի մեջ է, իսկ երկիրը լքողներին դավաճան են անվանում

Սիրիայի հայ համայնքը տագնապի մեջ է: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում մհայտնեց «Ժամանակ» օրաթերթի և 1in.am-ի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, որն իր երկու թղթակիցների հետ գտնվում էր Սիրիայում, տեղի հայ համայնքը վախի մեջ է ապրում և անելանելի դրության մեջ է: «Մի կողմից նրանք փորձում են պահել այն, ինչ ունեն, իսկ նրանք մեծ քանակությամբ ունեցվածք, կալվածքներ ունեն, որոնք պահպանելու խնդիր կա: Մյուս կողմից նրանք հակված են հեռանալ և ապաստան գտնել Հայաստանում: Բայց այստեղ մեկ ուրիշ խնդիր կա. սիրիահայերն այլ տեղեկատվություն ունեն Հայաստանում նրանց հանդեպ տրամադրվածության մասին: Նրանցից շատերը կարծում են, թե Հայաստանում չեն ցանկանում ապաստան տալ նրանց, անգամ Հայաստանում տեղի ունեցած ինչ-որ ցույցերի մասին են լսել իրենց գալու դեմ, իսկ համայնքից Հայաստան հեռացողներից շատերին դավաճան են անվանում: Մյուս կողմից էլ ՀՀ իշխանություններն են անտեղյակ այնտեղ տիրող իրավիճակից` հայտարարելով, թե սիրիահայերը չեն ցանկանում գալ Հայաստան»,- նշեց նա` ընդգծելով, որ այս հարցում լրջագույն թերացումներ ունեն ՀՀ սփյուռքի, արտաքին գործերի նախարարությունները, որոնք թույլ են տվել, որպեսզի նման ապատեղեկատվություն տարածվի թե' Հայաստանում, թե' Սիրիայում:

Լրագրողը հաղորդեց, որ սիրիահայ բնակչությունն ինքն է սկսում զինվել, որպեսզի պաշտպանի իր թաղամասերը:

«Այս կերպ նրանք իրենց դրական չեզոքությունն են արտահայտում առկա իրադրության հանդեպ, նրանց միակ խնդիրը սեփական գոյության պահպանումն է, մինչդեռ այս ռազմական գործողությունները դեռևս երկար կտևեն: Սա կարճաժամկետ պատերազմ չէ և նույնքան երկարաժամկետ հետևանքների է բերելու` գործազրկություն, չքավորություն, սով և այլն: Սիրիային խորը ճգնաժամ է սպասվում, այն արդեն հասունանում է. Սիրիայի ազատ բանակը հարվածում է երկրի տնտեսության զարգացումն ապահովող ամենախոշոր կենտրոններին և առաջին հերթին Հալեպին, որը նաև սիրիահայերի խոշոր կենտրոնն է»,- ասաց նա` Հայաստանի իշխանություններին կոչ անելով մեկնել Սիրիա, հանդիպել համայնքի հետ և խորհրդատվություն իրականացնել` այդ կերպ փորձելով օգնել սիրիահայ համայնքին: