AM
3 Սեպտեմբեր 2012 - 08:22 AMT

ԵՀՄՖ. ՀՀ Ազգային Ժողովը պետք է քննարկի Արցախի անկախության հաստատման խնդիրը

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը հաղորդագրություն է տարածել Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի արտահանձնելու առնչությամբ: Սա կազմակերպության արդեն երկրորդ հայտարարությունն է, որտեղ մասնավորապես ասում է. «Ինչպես արդեն ասվել է նախորդ հաղորդագրության մեջ, Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը դատապարտում է ՀՀ ԱԳ նախարարության արտառոց պասիվ գործունեությունը կապված ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակման հետ և ներկայացնում է գործողությունների իր պլանը:

Ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար ԵՀՄՖն առաջարկում է. 1. Քննարկել ՀՀ Ազգային Ժողովում Արցախի անկախության հաստատման խնդիրը և դիմել բոլոր բարեկամ երկրներին այդ փաստը վավերացնելու առաջարկով:

2. Զոհված սպա Գուրգեն Մարգարյանի ընտանիքին ապահովել լավագույն փաստաբաններով և դիմել Ստրասբուրգ Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանության դատարան, դատի տալու Ադրբեջանին և Հուգարիային արդարադատության ակնհայտ ոտնահարման փաստի կապակցությամբ:

3. Եվրոպայի բոլոր հայկական համայնքներին դիմել իրենց երկրների պառլամենտներին քննարկելու Հունգարիայի և Ադրբեջանի միջև կայացած գործարքը և տալ դրան քաղաքական գնահատական:

4. Ադրբեջանի կողմից կատարվող քայլերը ընկալել. որպես ողջ քսաներորդ դարում ընթացող հայերի դեմ ուղղված ցեղասպանության մեթոդաբար իրագործում, որի արդյունքում հայաթափվել է Նախիջևանը, պատերազմական գործողություններ են սկսվել Արցախում, որը դեռ ավարտական փուլից հեռու է գտնվում, շարունակվում է մշակութային ցեղասպանությունը և այլն»:

«Վերջին հարցի շուրջ ներկայացնում ենք ԵՀՄՖի նախագահության պաշտոնական հայտարարությունը. Հիմք ընդունելով Եվրոպային Հայաստանի Հանրապետության մերձեցման տարաբնույթ գործընթացները, որը քաղաքական ուղեգիծ է դարձել նաև Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի համար, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Վրաստան հարաբերությունների կարևորությունը տարածաշրջանի խաղաղության հաստատման գործում Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունը գտնում է. – Հայաստանի Հանրապետությունը պետք է շարունակի առաջնորդվել միջազգային նորմերով և հարևան պետությունների հետ առաջացած խնդիրները լուծելու հնարավորությունները պետք է տեղափոխի միջազգային իրավունքի բեմահարթակ, միաժամանակ չխուսափելով շարունակել բանակցությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ` որպես առանձին խնդիրներ` առանց նախապայմանների, – Միացյալ ազգերի կազմակերպության անդամ Հայաստանի Հանրապետությունը պետք է ակտիվացնի հարաբերությունները ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Միջազգային դատարանի հետ (Հաագա), ինչպես նաև միջազգային իրավունքի պաշտպանության այլ դատարանների հետ, որոնցից են` Միջազգային քրեական դատարանը (Հաագա), Միջազգային քրեական դատարանը ցեղասպանության և այլ միջազգային-իրավական հանցագործությունների գծով` Ռուանդայում (կենտրոնը` Տանզանիա, Առուչա), Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Եվրոպական համագործակցության դատարանը, Մարդու իրավունքների ամերիկյան դատարանը:

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունը համոզված է, որ հետևյալ փաստերի համադրումը, այն է. -1915-1923 թթ. թուրքական կառավարության կողմից Թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող 1,5 միլիոն էթնիկ հայերի բնաջնջման, գույքի թալանի, բռնի տեղահանությունը;

-1918 թ., Բաքվի հայերի ջարդեր կազմակերպումը, նրանց ունեցվածքի հափշտակումը;

-1918-21 թթ., զինված հարձակումներն ու բռնությունները Ղարաբաղի, Նախիջևանի, Զանգեզուրի հայ բնակչության նկատմամբ, ագրեսիան` Հայաստանի Հանրապետության նկատմամբ;

-1920 թ., Շուշի քաղաքի հայ բնակչության կոտորածը, քաղաքի հրդեհումը և հայերի ունեցվածքի հափշտակումը;

-1921 թ., Մոսկվայի ապօրինի պայմանագրի ստորագրումը, Նախիջևանի երկրամասի 90-ամյա օկուպացումը;

-1921-1988 թթ., Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 67-ամյա օկուպացիան և շահագործումը, հանցագործություններն Արցախի բնիկ հայության նկատմամբ;

-1988-1994 թթ. ադրբեջանական կառավարության կողմից Ադրբեջանի քաղաքացիներ հանդիսացող էթնիկ հայերի բնաջնջումը` կազմակերպված խուժանի, այնուհետև ադրբեջանական ոստիկանությանև բանակի կողմից՝ իր մասսայական ոչնչացման զենքերի կիրառման միջոցով;

-1992 թ.Խոջալուի սպանդի դեպքերը, որն կազմակերպեցին նույն ադրբեջանական ոստիկանությունը և բանակը, ապացուցում է, որ կատարվել են թուրքերի և ադրբեջանցիների կողմից համակցված հանցագործություններ և տեղի ունեցածը համարվում է ոճիր ընդեմ համայն մարդկության : Այս փաստերի հավաքագրումը և միջազգային իրավունքի տեսանկյունից գրագետ հայցի ձևակերպումը հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությանը բանակցային գործընթացներին զուգահեռ տարածաշրջանային հակամարտությունները լուծել նույն միջազգային իրավունքի հիման վրա և այդ գործընթացին մասնակից դարձնել աշխարհասփյուռ հայությանը, օգտագործել նրա բոլոր հնարավորությունները /միջազգային իրավունքի, պետաիրավական հարցերի գծով մասնագետների հնարավորությունների ներգրավվմամբ, ընդհուպ մինչև լոբբինգային աշխատանքների հետ մեկտեղելով:

Հայերի հանդեպ իրականացրած ցեղասպանության փաստի ճանաչումը տարբեր պետությունների կողմից որքան էլ ցանկալի լինի, այնուամենայնիվ այդ գործընթացը մեզ տալիս է բարոյական հաղթանակներ, այլ ոչ իրավական, հետևաբար միջպետական խնդիրների լուծումը վաղուց գտնվում է միջազգային իրավունքի՝ միջազգային դատարանների տիրույթում: Հիմք ընդունելով վերը թվարկած իրողությունները, Եվրոպայի հայկական միությունների ֆորումը առաջարկում է. Հայաստանի Հանրապետության օրենսդիր, դատական և գործադիր պետական կառույցներին սկսել համակարգված գործընթաց` համաձայն Միացյալ ազգերի կազմակերպության կանոնադրության 36 հոդվածի` ճանաչել և վավերացնել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի գերակայությունը, քանի որ այսօր Հայաստանի Հանրապետությունը լինելով ՄԱԿ-ի անդամ պետություն, այնուամենայնիվ չունի Միջազգային դատարան դիմելու իրավունք որևէ հարցի կապակցությամբ:

Ճանաչելով Միջազգային դատարանի գերակայությունը, Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կընձեռվի պատասխանատվության կանչելու անգամ այն երկրներին, որոնք չեն ճանաչել Միջազգային դատարանի գերակայությունը, բայց միացել են ՄԱԿ-ի տարաբնույթ կոնվենցիաներին:

Միջազգային դատարանի գերակայությունը ճանաչել են ընդամենը 66 պետություններ, իսկ նախկին ԽՍՀՄ-ից` Էստոնիան և Վրաստանը»,-ասվում է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարության հայտարարության մեջ: