Լեհաստանի հայկական համայնքը Լեհաստանում Հունգարիայի հանրապետության դեսպանությանն է ներկայացրել իր հայտարարություն-բողոքը` Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու և Ալիևի կողմից նրան ազատ արձակելու վերաբերյալ: Հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում տեղի ունեցավ սահմռկեցուցիչ միջադեպ:Ուշ գիշերով ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը ներխուժեց հայ սպա Գուրգեն Մարգարյանի սենյակ և դաժանաբար սպանեց քնած սպային: Երկու սպաներն էլ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերեն լեզվի միևնույն դասընթացների մասնակիցներ էին: Սաֆարովի գործով դատավարությունը տևեց ավելի քան երկու տարի: Դատավոր Անդրաշ Վասկուտին և հունգարական դատախազությունը գերազանց կերպով վարեցին գործընթացը` համաձայն հունգարականևեվրոպական օրենսդրության չափանիշների:
Ռամիլ Սաֆարովը դատապարտվեց առավելագույն պատժի` ցմահ ազատազրկման` առաջին 30 տարիների ընթացքում առանց ներման դիմելու հնարավորության: Ադրբեջանի կողմից բոլոր բողոքները մերժվեցին: Ադրբեջանական իշխանության ներկայացուցիչները դատավարության առաջին օրվանից ապարդյուն հանդես էին գալիս Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ` ընդգծել է, որ «Սաֆարովը պետք է օրինակ ծառայի երիտասարդների համար»: Իր երկրում Ռամիլ Սաֆարովը հայտարարվեց ազգային հերոս:
Վերջին ութ տարիների ընթացքում հունգարական կողմը իր հավատարմությունն է ցուցաբերել առ միջազգային իրավունքի չափանիշները` մերժելով Սաֆարովին հայրենիք արտահանձնելու որևէ հնարավորություն: Ինչն էր պատճառը, որը Ռամիլ Սաֆարովին վերադարձրեցին իր հայրենի երկիր, որտեղ նրան չէր սպասվում պատժի հետագա կրում: Ադրբեջանում վայրէջք կատարելուց անմիջապես հետո նախագահի կողմից նրան ներում շնորհվեց:
Ոչ մի տարակարծություն չունենք, որ Հունգարիայի իշխանությունները քաջ գիտակցում են այն փաստը, որ հայերի նկատմամբ այլատյացությունն ու ատելությունը ադրբեջանական պետական քաղաքականության մակարդակի է բարձրացված: Ոչ մի տարակարծություն չունենք, որ Հունգարիայի իշխանությունները ծանոթ են առ Ադրբեջանի իշխանությունները ուղղված 2011 թ. զեկույցի` Ռասիզմի և Անհանդուրժողականության դեմ Եվրոպական Հանձնաժողովի հանձնարարականներին:
Ցանկանում ենք հիշեցնել, որ Ադրբեջանի նախագահը հայերին անվանել է իր երկրի համար առաջին թշնամի: Նույնպես ցանկանում ենք հիշեցնել, որ Բուդապեշտում դատական գործընթացի ժամանակ Սաֆարովի փաստաբանը հայտարարեց, թե. «Հայի սպանությունը հանցագործություն չի համարվում Ադրբեջանում»: Այս ամենը աչքի առաջ ունենալով` դժվար է պատկերացնել Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հետևանքները: Այս փաստը անընդունելի է` հաշվի առնելով հանցագործության տեսակը և Ադրբեջանում այդ ոճրագործության նկատմամբ ընդունած վերաբերմունքը: Հետևանքները շատ ավելի լուրջ կարող են լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման տեսանկյունից: Այս դեպքում հայերի հնարավոր սպանության պատասխանատվությունը անկասկած ընկնելու է ոչ միայն ադրբեջանցիների, այլ նաև հունգարների վրա: Սաֆարովի արտահանձնումը Հունգարիայի իշխանությունների համար ամոթաբեր է և խախտում է եվրոպական արժեքներին նվիրվածությունը, օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը, մարդու իրավունքների և բարոյականության չափանիշները»:





