AM
6 Սեպտեմբեր 2012 - 07:43 AMT

Բակո Սահակյանին առաջրկում են ԼՂՀ քաղաքացիություն տալ Ժիրայր Սեֆիլյանին

«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության» կոմիտեի համակարգող Աղավնի Սահակյանը բաց նամակով դիմել է ԼՂՀ վերընտրված նախագահ Բակո Սահակյանին՝ առաջարկելով ԼՂՀ քաղաքացիություն տալ Ժիրայր Սեֆիլյանին:

Նամակում մասնավորապես ասվում է. «Նախընտրական արշավի ընթացքում բաց նամակով դիմել եմ ԼՂՀ նախագահի թեկնածուներ Բակո Սահակյանին, Արկադի Սողոմոնյանին և Վիտալի Բալասանյանին, ներկայացրել եմ Արցախյան հերոսամարտի հրամանատարներից Ժիրայր Սեֆիլյանին ԼՂՀ քաղաքացիություն չտալու խնդիրը, հիմնավորել նախադեպերի հաշվառմամբ դրա լուծման հնարավորությունը` խնդրելով պատասխանել հետևյալ երկու հարցերին.ա) Ինչպիսի՞ն է այս իրողության վերաբերյալ Ձեր գնահատականը, բ) Ինչպե՞ս կլուծեք Դուք այս խնդիրը, երբ ընտրվեք ԼՂՀ նախագահ:

Թեկնածուներից Վիտալի Բալասանյանն անմիջապես արձագանքեց և դրական դիրքորոշում հայտնեց Ժիրայր Սեֆիլյանին ԼՂՀ քաղաքացիություն տալու վերաբերյա»լ:

«Պաշտոնական տվյալներով Դուք եք ընտրվել ԼՂՀ նախագահ: Ուստի Արցախում Ձեզանից է ակնկալվում ազգին, նրա պատվին ու արժանապատվությանը վերաբերող հարցերի` պետական մակարդակով և իրավունքին համապատասխան լուծումը: Այս պատճառով նման հարցերի վերաբերյալ Ձեր դիրքորոշումը ինքնաբերաբար վերածվում է նաև պատվի ու արժանապատվության վերաբերյալ Ձեր ընկալումների քննության, ինչն իր հերթին դառնում է Ձեր ընտրության և պաշտոնավարման բարոյականության քննություն:

Ուստի՝ եթե այս անգամ էլ նամակս ու հարցս մնան անպատասխան (կարևոր չէ այն դրական կլինի թե՞ բացասական), մնում է միայն ցավալ, որ մարդկային բարոյականության հիմնարար արժեքների վերաբերյալ նման ընկալումներ ունեցող մարդը պետք է ղեկավարի ազատության փշոտ ու դժվարին ճանապարհին գտնվող Հերոսական Արցախը և ամեն վայրկյան պատերազմի մեջ հայտնվելու վիճակում գտնվող նրա բանակը:

Քանի որ այս նամակի պատասխանը ևս ամենայն հավանականությամբ լռությունն է լինելու, ինձ իրավունք եմ վերապահում դրան ևս պատասխանել: Գիտցեք, որ եթե նորից փորձության ժամ լինի, Ժիրայր Սեֆիլյանի տեսակն է թշնամու դեմն առնելու և հաղթելու նրան իր Հավատի ու Հայրենիքի նկատմամբ սիրո զորությամբ: Ուստի այդ տեսակին է հիշում և ապավինում ժողովրդի ձայնի զանգակատունը` թե՛ պայքարի կոչնակ զարկելիս և թե՛ հաղթանակի ներբող հնչեցնելիս»: