AM
6 Սեպտեմբեր 2012 - 10:54 AMT

Մեկնարկել է «ԱՊՀ-Եվրոստուդենտ» միջազգային խորհրդաժողովը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է եղել սեպտեմբերի 6-ից 7-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կազմակերպված «ԱՊՀ-Եվրոստուդենտ» երկօրյա միջազգային խորհրդաժողովի բացմանը: Ողջունելով մասնակիցներին` ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը պաշտոնապես միացել է «Եվրոստուդենտ 5 –րդ կոնցորսումի» ծրագրին: «Հայաստանը միանալով այս ծրագրին պատրաստ է ծառայել որպես կամուրջ այլ երկրների համար»,- բացման խոսքում նշել է նախարարը և հավելել, որ «ԱՊՀ-Եվրոստուդենտ» ծրագրի մեկնարկը մեր երկրում համընկնում է կարևոր ժամանակահատվածի հետ, երբ Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը: «Լինելով ԱՊՀ անդամ և միաժամանակ Բոլոնիայի գործընթացի մասնակից` մեր երկիրը կարևորում է Եվրասիական մեծ մայրցամաքի գիտակրթական ընդհանուր տարածքի ստեղծումը և պատրաստ է իր նպաստը բերել այդ գործընթացին»,- նշել է նախարարը:

Նախարար Ա. Աշոտյանը շեշտել է, որ ծրագիրը կնպաստի ՀՀ ուսանողների հնարավորություննեի ընդլայնմանը և սոցիալական իրավունքների ամրապնդմանը. «Մենք գիտենք, որ մեր ուսանողների սոցիալական խնդիրները տարբեր են և այդ առումով բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական պատասխանատվության բեռը գնալով ավելնում է: Մեր շատ ուսանողների կենցաղային պայմանները հեռու են բավարար լինելուց, մենք ունենք ժամանակակից հանրակացարանների անհրաժեշտություն՝ մարզերից եկած ուսանղների համար, կրթաթոշակների բարելավման և բազմաթիվ այլ խնդիրներ»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը: Միաժամանակ Ա. Աշոտյանը շեշտել է, որ վերջին մի քանի տարում բուհական համակարգում նկատելի նորարարական փոփոխություններ են կատարվել, մասնավորապես ուսանողակենտրոն կրթական համակարգի ներմուծումը, որը Բոլոնիայի գործընթացի գլխավոր գաղափարախոսություններից է: «Վերջին տարիներին իրականացված իրավական փոփոխությունները և ընդունված նոր կարգերը միտում ունեն ամրապնդել ուսանողների իրավունքները և նպատակ են հետապնդում ուսանողին դիտարկել որպես բարձրագույն կրթություն իրականացնող, կրթական գործընթացի վերջնական սպառող և կրթական ծառայությունների հիմնական վերահսկող»,- ընդգծել է նախարարը և հույս հայտնել, որ Հայաստանի մասնակցությունն «ԱՊՀ-Եվրոստուդենտ» գործընթացում մեր երկրին կբերի նոր գործընկերներ եւ կարևոր հարթակ կդառնա` առկա խնդիրների ուսումնասիրման եւ բացահայտման համար:

Հայաստանը « Եվրոստուդենտ» ծրագրի հինգերորդ փուլի աշխատանքներին մասնակցելու է 2012 թվականից : Երկօրյա խորհրդաժողովի նպատակն է ոլորտի պատասխանատուներին իրազեկել ծրագրի մասին:

«Եվրոստուդենտ»-ը հետազոտական մեծ ծրագիր է, որի նպատակն է ուսումնասիրել ուսանողների կյանքի այլ կողմերը, օգնել տարբեր պետություններին` ազգային կրթության զարգացման համար պայմաններ ստեղծելու հարցում:

Երկօրյա խորհրդաժողովին մասնակցում են բարձրագույն կրթության պատասխանատուներ Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բելառուսից և այլ երկրներից: