«ԱՊՀ-ԵՎՐՈՍՏՈՒԴԵՆՏ» երկօրյա միջազգային խորհրդաժողովի շրջանակում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՊՀ անդամ երկրների, մասնավորապես, Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բելառուսից ժամանած բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուների հետ:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԿԳՆ լրատվական ծառայթյունից, Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԱՊՀ անդամ երկրներում, այդ թվում Հայաստանում, վերջին տարիներին ընթանում են կրթական լայնածավալ բարեփոխումներ, որոնց լիարժեք իրականացմանը, ըստ նախարարի, խանգարել է Համաշխարհային տնտեսական ճգնաժամը. արձանագրվել են պետական ֆինանսավորման ծավալների նվազում և համապատասխան ներդրումների սահմանափակում:
Այս համատեքստում Արմեն Աշոտյանը, մասնավորապես, անդրադարձել է բուհերի ֆինանսավորման մեխանիզմների և ինքնավարության խնդիրներին` նշելով, որ Հայաստանում այս տարի առաջին անգամ անցկացվում է փորձնական ծրագիր, այն է`ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի պետական ագրարային համալսարանին տրվել է հիմնադրամի կարգավիճակ, որն էլ իր հերթին կմեծացնի բուհի ինքնավարության և ֆինանսական ազատությունները: Նախարարն անդրադարձել է նաև Բոլոնիայի գործընթացի` առաջիկա երեք տարիներին Հայաստանի նախագահության խնդիրներին` նշելով, որ Հայաստանն առաջին երկիրն է ԱՊՀ տարածքում, որը ստանձնել է այդ պատասխանատու առաքելությունը` ընդգծելով, որ այն մեծ խթան կհանդիասնա մեր երկրում կրթական բարեփոխումների, ակադեմիական մտքի և կրթության որակի տեսանկյունից:
Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև ուսանողների իրավունքներին` նշելով, որ վերջիններս ներգրավված են բուհերի կառավարման. գիտական խորդհուրդների, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի կազմում:
Հանդիպման ավարտին մասնակիցները հարցեր են ուղղել նախարարին, որոնք հիմնականում վերաբերել են բուհերի ինքնավարության, ֆինանսավորման մեխանիզմների և աղբյուրների, ինչպես նաև բուհական ընդունելության քննություններին:





