Երեկվա արտահերթ նիստից հետո ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ որոշումն ընդունվեց «գրեթե միաձայն».
«ՀՀ Ազգային ժողովն ընդունեց հայտարարություն: Խորհրդարանական բոլոր ուժերը՝ թե իշխանությունը, թե արմատական, և թե կառուցողական ընդդիմությունը, քաջ գիտակցելով հարցի կարևորությունն ու լրջությունը, քաղաքական տարաձայնություններից և դիրքորոշումներից վեր դասելով երկրի և ազգի շահերը, ընդունեցին հայտարարություն: Գրեթե միաձայն: Գրեթե… Ի՞նչը խանգարեց մեզ ի ցույց աշխարհի արտահայտելու, որ այս կարևոր հարցում խորհրդարանը միակարծիք է:
Ի՞նչը ստիպեց դեմ քվեարկել մի հայտարարության, որում վերահաստատվում է այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արդյո՞ք այն փաստը, որ ՀՀ Նախագահը, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, նաև հանդիսանում է Հանրապետական կուսակցության նախագահ: Թե՞ այն, որ ահարևան պետության կողմից պատերազմի սադրանքի պայմաններում ՀՀ զինված ուժերին պետք է ավելի զգոն լինել: Միգուցե՞ այն, որ Արցախի անկախության միջազգային ճանաչման երկարաթև գործընթացի և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված շահերը չեն խախտվում, և դիվանագիտական ռազմավարությունից ելնելով՝ Հայաստանը չի ճանաչում ԼՂՀ անկախությունը: Ա՞յն, որ արտակարգ այս իրավիճակում հանձնարարություն է տրվում անվտանգության ծառայությանը և դիվանագիտական կորպուսին:
Համոզված եմ, որ դեմ քվեարկած պատգամավորի ելույթում հնչեցած քննադատական նկատառումներից և ոչ մեկը հակակշիռ չէ նրան, որ մենք չկարողացանք ի ցույց բոլորի՝ համայն հայության, միջազգային հանրության, եվրոպական հասարակության, հարևան պետության հիվանդամիտ ռեժիմի միաձայն քվեարկել և միաձայն դատապարտել կատարվածը: Ժամանակն է միասնական լինելու: Ժամանակն է առաջնահերթությունները հստակեցնելու: Ժամանակն է «գրեթե» բառը մեր բառապաշարից հանելու:
Արձագանքելով այս գրառմանը՝ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն էլ իր էջում գրել է. «Շատ լավ եմ հասկանում «գրեթե» բառի տակ դրված տարակուսանքը, վրդովմունքը և ինչու ոչ անգամ ցավը….».-արձագանքերլով ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի գրառմանը` նաման տեսակետ է հայտնել ԱԺ մեկ այլ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: «Միշտ էլ սեփական տեսակետի գերագնահատումը և սեփական բացառիկության մասին թյուր պատկերացումները խանգարել են մեզ:
«Քաղաքական նպատակահարմարություն» կոչվածը շատ լայն սահմաններ կամ անգամ սահմանների բացակայություն է ենթադրում, բայց որ նաև անհայրենիք վերաբերմունք….Ժամանակն է գոնե «գրեթե» բառը նպատակային գործածելու…»:





