AM
10 Սեպտեմբեր 2012 - 12:27 AMT

Շարմազանովը կոռեկտ չի համարում մեկնաբանել Ռուբեն Հայրապետյանի սկանդալային հարցազրույցը

Ազգային ժողովի փոխխոսնակ և ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը կոռեկտ չի համարում մեկնաբանել Ռուբեն Հայրապետյանի սկանդալային հարցազրույցը, որը նա տվել է Ֆրանսիայում լույս տեսնող Nouvelles d'Arménie հայկական հանդեսին: «Կոռեկտ չեմ համարում, քանի դեռ պարոն Հայրապետյանն ինքը չի անդրադարձել հարցազրույցին: Ինչպես հայտնի է մամուլից, նա ինքը հերքել է հարցազրույցի մի մասը»,-ասել է նա:

Լրագրողի այն հարցին, թե ցանկանում է նա արդյոք, որ Հայրապետյանը հերքի հարցազրույցը, փոխխոսնակն ասել է. «Ես պայծատաես չեմ: Քաղաքական դաշտում բազում պայծառատեսներ կան: Իսկ ես ոչ պայծառատես եմ, ոչ էլ Վանգայի հետևորդը: Ես քաղաքական գործիչ եմ»:

Nouvelles d'Arménie-ին տված իր սկանդալային հարցազրույցում Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը միասին ուզում են քանդել երկիրը: Նա նաև մեղադրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ ասելով, թե նա է կանգնած իր դեմ կազմակերպվող բողոքի ակցիաների ետևում: Նա նաև հայտարարել է, թե պատժելու է իր դեմ ակցիաների նախաձեռնողներին:

Ավելի ուշ ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը հայտնել է ԶԼՄ-ներին, որ Ծառուկյանի հետ հեռախոսազրուցում Հայրապետյանը հերքել է, որ նման մեղադրանքներ է առաջ քաշել Ծառուկյանի դեմ հարցազրույցում: