AM
21 Սեպտեմբեր 2012 - 09:12 AMT

Քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին դասակարգել քաղաքացիների կողմից բարձրացվող խնդիրները

Մայրաքաղաքի 2013 թվականի բյուջետային գործընթացին վերաբերող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցությանժամանակ: Ինչպես հաղորդում է Երևանքի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը, խորհրդակցությանը մասնակցել են քաղաքապետի տեղակալները, վարչական շրջանների ղեկավարներն ու քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական բլոկի պատասխանատուները:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել տեղական եկամուտների ավելացման հնարավորություններին, ծախսերի արդյունավետ ծրագրավորման մեխանիզմներին, ինչպես նաև բյուջետային ծախսերի պլանավորման գործընթացում բնակիչների հնարավորին մասնակցության ապահովմանը: Մասնավորապես վերջինի մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին քաղաքացիների կողմից բարձրացվող խնդիրների դասակարգման արդյունքում ձևավորել այն առաջնահերթությունները, որոնք այնուհետ կներառվեն հաջորդ տարվա բյուջեում:

Անդրադառնալով գնումների գործընթացի կազմակերպմանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է դրանց առավել թափանցիկ կազմակերպման կարևորությունը` շեշտադրելով աշխատանքների մրցույթային գնի և որակի համարժեքության ապահովման պայմանն ու դրանք սահմանված ժամկետում կատարելու պարտավորությունը: