AM
26 Սեպտեմբեր 2012 - 05:40 AMT

«Չորրորդ ինքնիշխանություն». Սևանում ընտրությունները հորով-մորով են արել՝ մարդկանց տնային կալանքի տակ պահելով

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, Սևան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները, ինչպես սպասվում էին, անցել են բավականին լարված մթնոլորտում: Նախ ընտրության մասնակիցների թիվը «գոռով-շառով» ապահովել են հիմնականում պետական գերատեսչությունների աշխատակիցները, կամ, ինչպես Սևան քաղաքում են խոսում այս ընտրությունների մասին, Ռուդիկ Ղուկասյանին` Ուդոյին, քադաքապետ է դարձրել տեղի վարչական ռեսուրսը:

Դե իսկ Սևան համայնքում քիչ թե շատ հայտնի թաղային հեղինակություններին, նույնիսկ ՀՀԿ-ի համակիրներին ու քաղաքի ակտիվիստներին, որոնց համար դեռ կարևոր է գաղափարական պայքարը, սեպտեմբերի 23-ին մարզային իշխանություններր ողջ օրվա ընթացքում թույլ չեն տվել քաղաքում որևէ կերպ դրսևորվել ու գոնե ընտրությունների ընթացքին հետևել` ասելով, որ ակտիվ հատվածը ճիշտ կանի այդ օրը ընտրական տեղամասերից իր իզն ու թոզը կորցնի:

Իշխանության կողմից միակ և պարտադրված թեկնածու Ռ. Ղուկասյանի օգտին չաշխատող որոշակի շրջանակների էլ պարզապես «մեսիջ» է ուղարկվել այն մասին, որ ավելորդ ակտիվություն ցուցաբերելու և ընտրությունները նախատեսված սցենարից շեղելու պարագայում վերջիններս կհայտնվեն իշխանությունների մանրազնին ուշադրության կենտրոնում, որն այնքան էլ լավ ավարտ չի ունենա ըմբոստացոդների համար: Թերթը հավելում է, որ մարզային իշխանությունների կողմից այդ օրը Սևանի նախկին քաղաքապետների հարազատներին, այդ թվում նաև Սևանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի` Մողեսի եղբոր դեմ օգտագործել են բոլոր հնարավոր միջոցները վերջինիս ոտքը Սևանի ընտրատարածքներից հեռու պահելու համար: Կամ` ինչպես Սևանում են որպես անեկդոտ պատմում. «Այս ընտրությունները հորով-մորով արեցին` շատերին տնային կալանքի տակ պահելով»: