AM
26 Սեպտեմբեր 2012 - 08:13 AMT

Նորաստեղծ հանձնաժողովը կստուգի աղետի գոտում կառուցված 38 շենքերի որակի համապատասխանությունը

Աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ 2-2» և «Անի» թաղամասերում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցված և առաջիկայում շահագործման հանձնվող 38 շենքերի արտաքին բարեկարգման և թվով 1756 բնակարանների ներքին հարդարման աշխատանքների որակի համապատասխանությունը ուսումնասիրելու նպատակով, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի սեպտեմբերի 25-ի հրամանով, ստեղծվել է հանձնաժողով` Քաղաքաշինական ԾԻԳ-ի տնօրենի տեղակալ Վահան Սարգսյանի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում են ՀՀ քաղաքաշինության նախարարության Քաղաքաշինական ԾԻԳ-ի և Քաղաքաշինական պետական տեսչության մասնագետներ, ինչպես նաև “Շիրակ կենտրոն” ՀԿ նախագահը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարությունից հայտնում են նաև, որ վերոնշյալ հրամանի համաձայն` աշխատանքները իրականացվելու են կառուցապատողի` «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք անհրաժեշտության դեպքում, եռօրյա ժամկետում միջոցներ կձեռնարկեն թերություններն ու բացթողումները վերացնելու համար: Հանձնաժողովին հանձնարարված է մինչև սեպտեմբերի 29-ը ՀՀ քաղաքաշինության նախարարին ներկայացնել տեղեկանք` իրականացված ուսումնասիրության արդյունքների և ձեռնարկված միջոցառումների մասին :

Վերոնշյալ հրամանը հետևել է նույն օրը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի Գյումրու «Մուշ 2-2» և «Անի» թաղամասեր կատարած այցին: Նախարար Թադևոսյանն այցելել էր վերոնշյալ թաղամասեր` շահագործման հանձնելուց առաջ, շինարարության ավարտական աշխատանքներին ծանոթանալու նպատակով: