«Հայկական ժամանակ» թերթը տարրական դասարաններում սովորող աշակերտների ծնողներից այս օրերին պարբերաբար դժգոհություններ է ստանում` կապված դասագրքերի հետ: Ծնողները բողոքում են, որ երեխաներին տրամադրվող գրքերը մաշված են, անհրապույր, իսկ շատ դեպքերում էլ պոկված են թերթերը: Բացի այդ, ըստ նրանց, դասագրքերը տարբեր հրատարակությունների են, հաճախ էջերն ու առաջադրանքները չեն համապատասխանում միմյանց, և ուսուցիչը ստիպված է լինում դասաժամի կեսը ծախսել փնտրտուքների վրա, որպեսզի պարզի, թե տվյալ առաջադրանքը մյուս դասագրքերում որ համարի տակ է կամ որ էջում: Երկրորդ դասարանցիների որոշ ծնողներ էլ մասնավորապես դժգոհում են, որ ռուսերենի դասագիրք դեռևս չի տրամադրվել, ու ստիպված դասապրոցեսը կազմակերպվում է առանց դասագրքի: Այսպիսով, ծնողներն էլի դժգոհ են, չնայած կրթության և գիտության նախարարությունը, փաստորեն, նախընտրական այս տարում տարրական դպրոցի դասագրքերն անվճար դարձրեց: Իսկ գուցե հենց այստե՞ղ է պետք փնտրել ստեղծված իրավիճակի պատճառները, հարց է տալիս թերթը:
ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում վստահեցրել է , որ ամենահին դասագիրքը չորս տարվա վաղեմություն ունի, և եթե որոշ դասագրքեր շատ են մաշված, դա նրանից է, որ դպրոցներում բավարար ուշադրություն չի դարձվել, որպեսզի ցածր դասարաններում սովորող փոքրերը դրանց հետ խնամքով վարվեն:
Դասագրքերի անհամապատասխանությունն էլ, ըստ վարչության պետի, տեխնիկական կարող է լինել` հրատարակիչների մեղքով:
Նա, ի դեպ, թերթի խոսքով, արդեն տեղեկացված էր սույն խնդրի մասին, բայց կարծում է, որ դա մեծ պռոբլեմ չէ, ու անհամապատասխանությունները փոքր թիվ են կզմում: Իսկ ինչ վերաբերում է ռուսերենի դասագրքերին, Ն. Հովհաննիսյանի խոսքով, նույնիսկ այդ գրքերի ավելցուկ կա, և դրանք պահեստավորված են: Այն դպրոցներին, որոնք մնացել են առանց ռուսերենի դասագրքերի, հանրակրթության վարչության պետը առաջարկեց դիմել ԿԳՆ և ստանալ դրանք:





