AM
28 Սեպտեմբեր 2012 - 11:06 AMT

Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել արտահերթ խորհրդակցություն

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել արտահերթ խորհրդակցություն` բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության ռեժիմի պահպանման և գնումների իրականացման գործընթացի վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել եմ ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի ղեկավարի տեղակալը, հատուկ պահպանվող տարածքների տնօրենները, ԲՊՏ տեսչության պետը, տարածքային տեսչությունների ղեկավարները, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Խորհրդակցության օրակարգում են եղել. •Գնումների գործընթացի իրականացման վերաբերյալ քննարկում •Բնության հատուկ պահպանվող տարածքներում ռեժիմի պահպանման խնդիրների վերաբերյալ քննարկում •ՀՀ տարածքում բնապահպանական պետական տեսչության կողմից կենսաբազմազանության պահպանության խնդիրների վերաբերյալ զեկուցում:

ՀՀ բնապահպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Աշոտ Ավալյանը հանգամանալից ներկայացրել է իրականացրած աշխատանքները` նշելով, որ նախարարի հանձնարարությամբ դեպքի վերաբերյալ անմիջապես հայտարարություն է տրվել ՀՀ ոստիկանություն, աշխատանքային խումբը Խոսրովի արգելոցում չորս խմբի բաժանվելով, արգելոցի աշխատակիցների և ոստիկանների հետ համատեղ կատարել են տեսանյութում առկա տեղադիրքի որոնողական աշխատանքներ:

Հանձնաժողովի նախագահը ցավով նշել է նաև, որ տեսանյութի հեղինակները չհամագործակցեցին նախարարության հետ բացահայտելու որոնվող տարածքները, ինչը անհամեմատ կհեշտացներ աշխատանքները: Համաձայն «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, կատարվում է տեսանյութում ցուցադրած ապօրինի որսի հետևանքով բնությանը պատճառված վնասի հաշվարկ:

Ավալյանը նշել է նաև, որ հավանական տեղամասերի վերաբերյալ համապատասխան գործիքներով, կազմվել է տեղադիրքի կորդինատային տվյալների ճշգրտում, ինչի հիման վրա տարածքի քարտեզի վրա նշագրվել է վերոնշյալ հատվածը:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տարածքային մարմինների ղեկավարները զեկուցել են մարզերում առկա բնապահպանական խնդիրների մասին:

ՀՀ բնապահպանության նախարարը` լսելով զեկույցները, տվել է համապատասխան հանձնարարականներ, մասնավորապես

•Հատուկ պահպանվող տարածքների տնօրեններին` -Ներկայացնել հաշվետվություն ԲՀՊՏ-ում կենսաբազմազանության և ռեժիմի պահպանության վերաբերյալ:

•ԲՊՏ պետ Ա.Ավագյանին, ԲՀՊՏ տնօրեններին` Տեսչության տարածքային բաժինները ակտիվ համագործակցեն սկսեն հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների հետ:

•ԲՊՏ պետ Ա.Ավագյանին` 3-օրյա ժամկետում ներկայացնել գրավոր տեղեկատվություն այս տարի արդեն իսկ տրամադրված որսի կտրոնների բախշման վերաբերյալ:

•Ամենօրյա ռեժիմով տարածքների տեսչության պետերից ստանալ տեղեկատվություն կատարած աշխատանքների վերաբերյալ, ամփոփել դրանք և ներկայացնել նախարարին

•Ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել էլեկտրոնային լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվող հայտարարությունները կապված Հայաստանում կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի հետ, ուսումնասիրել դրանք և ներկայացնել նախարարին:

•Աշխատանքային խմբի ղեկավար Ա.Ավալյանին` Համադրել հայտնաբերված տարածքի կորդինատային տվյալները պետական կադաստրի կողմից հաստատված պետական արգելոցի քարտեզի հետ: