AM
2 Հոկտեմբեր 2012 - 09:01 AMT

GDI. Ըստ նոր ինդեքսի, շատ զարգացած երկրներում դեռևս առկա է բիզնեսի աճի մեծ ներուժ

Գրանթ Թորնթոնի կողմից մշակված դինամիկ աճի համաշխարհային ինդեքսը (GDI) ցույց է տալիս, որ ընկերություններին դեռ վաղ է անտեսել դանդաղ աճող զարգացած երկրները՝ ընտրություն կատարելով հօգուտ ավելի արագ աճող շուկաների: Economist Intelligence Unit-ի (EIU) կողմից առաջարկած նոր ինդեքսը, որով 50 երկրներ դասակարգվում են ըստ աճի 22 ցուցանիշների, ցույց է տալիս, որ, չնայած կուտակած հսկայական պարտքերին, շատ զարգացած երկրներում դեռևս առկա է բիզնեսի աճի մեծ ներուժ: Ըստ դինամիկ աճի համաշխարհային ինդեքսի՝ աշխարհում ամենից դինամիկն1 է համարվում սկանդինավյան տարածաշրջանը՝ 66.12 ցուցանշով: Նրան հաջորդում են Հյուսիսային Ամերիկան (62.9) և G7 երկրները (59.6): Համեմատական կարգով ասենք, որ Արևելյան Եվրոպայում ցուցանիշը կազմում է 55.7, Growth – 8 երկրներում3՝ 55.0, Լատինական Ամերիկայում՝ 53.8 և Մերձավոր Արևելքում ու Աֆրիկայում՝ 51.0: Հետաքրքրական է, որ Արևմտյան Եվրոպայում (59.2), որտեղ մի շարք երկրներ պայքարում են մրցունակության պահպանման համար, ցուցանիշը բարձր է համաշխարհային միջինից (57.3) և այն զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններից (59.3) հետո:

Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Էդ Նասբաումը մեկնաբանում է. «Առաջին հայացքից արդյունքները կարող են անտրամաբանական թվալ, քանի որ դինամիզմ ասելով՝ ենթադրում ենք տնտեսական աճի տեմպ: Այնուամենայնիվ, GDI շատ ավելին է քան պարզապես աճի չափման ևս մեկ միավոր: Երբ դիտարկում ենք տվյալ երկրում գործելու իրավական և քաղաքական ռիսկերը, այս ցուցանիշը շատ ավելի իրական կերպով է արտացոլում, թե որքանով է այդ երկրի միջավայրը նպաստում արագ աճող ընկերությունների գործունեությանը:

Ուստի, թերևս զարմանալի չէ տեսնել, որ Սինգապուրը, Ֆինլանդիան և Շվեդիան զբաղեցնում են ընդհանուր աղյուսակի առաջին երեք տեղերը: Այս երկրները բաց են առևտրի համար, ունեն լավ զարգացած իրավական դաշտ և զգալի ներդրումներ են կատարում գիտական հետազոտությունների մեջ: Մի խոսքով՝ ունեն այն ամենը, ինչ ցանկանում են տեսնել արագ աճող ընկերությունները»: GDI –ը դասակարգում է երկրներն ու տարածաշրջանները՝ հաշվի առնելով տնտեսության արագ աճի շարժիչ ուժ համարվող 5 գործոններ: Դրանք են՝ գործարար միջավայրը, գիտատեխնիկական առաջընթացը, աշխատունակ բնակչության և մարդկային կապիտալի ներուժը, տնտեսության աճը և ֆինանսական միջոցների առկայությունը: Վերոնշյալ գործոններից յուրաքանչյուրն իր հերթին հնարավորություն է ընձեռում մի շարք հետաքրքիր համեմատություններ անել զարգացած և զարգացող երկրների միջև՝ բացահայտելով նրանց հարաբերական թույլ և ուժեղ կողմերը:

«Անկարելի է թերագնահատել դինամիզմի դերը երկրում,- կարծում է Էդ Նասբաումը,- Վերջերս տեսա Համաշխարհային Բանկի նախկին նախագահ Ռոբերտ Զելիկի մեկնաբանություններն այն մասին որ ԱՄՆ ը կկորցնի իր դեմքը համաշխարհային թատերաբեմում, եթե կորցնի տնտեսության դինամիկան: Ես համաձայն եմ նրա հետ և կոչ եմ անում աշխարհի բոլոր երկրներին ուշադրություն դարձնել իրենց տնտեսության մեջ դինամիզմը բարձրացնելու խնդրին՝ դրանով իսկ խթանելով համաշխարհային տնտեսության աճը:

Այս արդյունքներն առաջին հերթին պարզ ցույց են տալիս, որ կան դինամիզմի շատ տեսակներ և դրան հասնելու բազմաթիվ ուղիներ: Տարբեր երկրներ գործարարներին են առաջարկում տարբեր միջավայրեր, որոնք կարող են խթանել կամ խոչընդոտել բիզնեսի աճին: Ինձ համար ամենից կարևորն այն եզրահանգումն էր, որ գործարարները դեռևս չպետք է հրաժարվեն զարգացած երկրներում աշխատելուց»: