ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանում: Իր ելույթում նա մասնավորապես ասել է .«Մենք ողջունում ենք, որ 67-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման հարցերի հետ մեկտեղ առաջարկվել է նստաշրջանի ընթացքում կենտրոնանալ նաև հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման խնդիրների վրա:
Այս համատեքստում ՄԱԿ-ի շրջանակներում մի քանի օր առաջ տեղի ունեցած Խաղաղության մշակույթի վերաբերյալ բարձր մակարդակի առաջին ֆորումը հանդես եկավ հանդուրժողականություն, փոխըմբռնում և փոխադարձ հարգանք ստեղծելու կոչով: Դժբախտաբար, այսօր ատելությունն ու անհանդուրժողականությունը շարունակում են տարածվել աշխարհի որոշ անկյուններում: Մենք դեռ պետք է փորձենք պարզել և հասկանալ դրա արմատներն ու դրդապատճառները, խիզախություն ունենանք դժվարին հարցադրումներ անելու դրանց վերաբերյալ և առերեսվելու դրանց` երբեմն ցավալի պատասխաններին»:
«Ցավոք, մենք մեր տարածաշրջանում նույնպես ականատեսն ենք եղել անհանդուրժողականության ու ատելության դրսևորումների: Տարեցտարի Հայաստանն իր մտահոգություններն է բարձրաձայնել այս ամբիոնից ադրբեջանական հասարակության մեջ այդ երկրի բարձրագույն ղեկավարության կողմից հայտյացության սերմանման, ռազմատենչ հռետորաբանության, միջազգային հանձնառությունների կոպտագույն ոտնահարման վերաբերյալ:
Մարդու իրավունքներով զբաղվող շատ միջազգային կազմակերպություններ իրենց ահազանգն են հնչեցրել Ադրբեջանում այլատյացության, ռասիզմի, անհանդուրժողականության ու մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դրսևորումների, հայերի հանդեպ ատելության քաղաքականության վերաբերյալ:
Եվ ո՞րն է Ադրբեջանի արձագանքը: Այն ոչ միայն արհամարհում է միջազգային հանրության ակնկալիքները, այլև շարունակաբար նորանոր քայլեր է ձեռնարկում, որոնք ոտնահարում են քաղաքակիրթ աշխարհի արժեքները: Վերջին նման դեպքը Ադրբեջանի կառավարության կողմից մարդասպան Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումն է: Մեկը, ով Բուդապեշտում կայացած ՆԱՏՕ-ի ծրագրի ընթացքում քնած հայ սպա էր կացնահարել, միայն այն պատճառով, որ նա հայ էր: Ադրբեջանի ղեկավարությունը նրան ազգային հպարտության խորհրդանիշ է դարձրել և ներկայացնում է որպես օրինակ երիտասարդության համար:
Աշխարհի արձագանքը միաձայն էր և շատ հստակ` դատապարտելով այն, ինչ կատարվեց Բաքվի կողմից: Ադրբեջանն իր տարակուսանքն է արտահայտում միջազգային հանրության դիրքորոշման կապակցությամբ: Իսկ ինչ էին նրանք ակնկալում: Որ միջազգային հանրությունը կծափահարի՞ սարսափելի մարդասպանի հերոսացմանը: Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ձևացնել, թե այս քայլը համապատասխանում է ոչ միայն Ադրբեջանի սահմանադրությանն ու օրենսդրությանը, այլև միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և համապատասխան եվրոպական կոնվենցիային: Այդ երկրի ղեկավարությունը պնդում է, թե այն, ինչ արվել է, շատ լավ է: Տխուր է, որ որևէ երկրի սահմանադրություն և օրենսդրություն կարող են թույլ տալ մարդասպանի հերոսացում և աշխատավարձի վճարում այն տարիների համար, որ նա անց է կացրել բանտում:
Եվրախորհրդի մարդու իրավուքնների հանձնակատարը զգուշացրել է, որ «նման մեկի հերոսացումն ու պարգևատրումը դեմ է գնում մարդու իրավունքների պաշտպանության ու օրենքի գերկայության բոլոր ընդունված չափանիշներին»: Եվրոպական խորհրդարանի նախագահն ու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը զգուշացրել են, որ դա եվրոպական իրավական գործիքի չարաշահում է: ՄԱԿ-ի Մարդու իրավուքնների հարցերով բարձր հանձնակատարը նշել է, որ «այս ծանրության էթնիկական ատելության հողի վրա հանցագործությունը պետք է դատապարտվի և ըստ պատշաճի պատժվի, այլ ոչ թե հասարակավ հերոսացվի»:
Շատ պարզ է, որ միջազգային իրավական սկզբունքների ու նորմերի ընկալման մեծ տարբերություն կա Ադրբեջանի և աշխարհի միջև: Մեծ տարբերություն կա ընկալման մեջ՝ թե ինչն է լավ, և ինչը վատ: Սա խորապես անպատասխանատու և ամոթալի վարքագիծ է ոչ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի համար, այլև ՄԱԿ-ի անդամի համար: Հստակ է, որ միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի ադրբեջանական ղեկավարության փորձերը՝ հարմարեցնելու միջազգային իրավունքը սեփական ռասիստական գաղափարախոսությանը: Կոռուպցիայի հարուստ փորձ ունենալով երկրի ներսում՝ Բաքուն փորձում է այն տեղափոխել միջպետական հարաբերությունների հարթություն, օգտագործելով այն որպես գործիք՝ սեփական թյուրընկալումներն ուրիշների վրա բարդելու համար: Միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել Ադրբեջանի փորձերը՝ փոխարինելու օրենքի գերակայությունը նավթի գերակայությամբ»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:





