ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դիմել է ՄԱԿ կենտրոնակայանում հավաքված պետությունների առաջնորդներին:Նա մտահոգություն է հայտնել, որ կառավարությունների կողմից մահաբեր զենքերի ձեռք բերման համար վատնվող հսկայական գումարները մարդկային զարգացմանն ուղղված ներդրումների հաշվին են, տարածաշրջանային լարվածությունները թեժանում են, իսկ իրավիճակը Սիրիայում օր օրի վատթարանում է և դառնում տարածաշրջանային աղետ: Գիտակցաբար անտեսվում է կլիմայի փոփոխության վտանգը, աղքատությունը և անհավասարությունը շարունակում են մոլեգնել:
«Աշխարհի առաջնորդներին կոչ եմ անում խթանել կայուն էներգետիկային, կրթությանը, սնուցմանը և կանանց ու երեխաների առողջությանն ուղղված նախաձեռնությունները: Տնտեսական ճգնաժամը պատրվակ չի կարող լինել մարդկանց անհրաժեշտ հիմնական կենսապայմաններ ապահովելու պարտականությունից հրաժարվելու համար».- ասել է նա:
Ուղերձում նաև ասվում է, որ այժմ ՄԱԿ-ը պետք է համընթաց քայլի իր գործողությունների հետ, որը ներառում է խաղաղությունը, զարգացումը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, աշխարհի կանանց և երիտասարդների իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը:





