Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ-ի Հյուսիս-հարավ ծրագրի ղեկավար Արտո Ահոնենի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Երրորդ տրանշի՝ Թալին-Գյումրի 45,7 կմ հատվածի բարելավման և վերակառուցման հայտը, ինչպես նաև առաջիկա մեկ տարվա ընթացքում Հյուսիս-Հարավ ծրագրի ամբողջական եւ մանրամասն նախագծերի պատվիրման եւ պատրաստման հնարավորությունները: Հստակեցվել են նաև Տրանշ 3-ով նախատեսվ! ած բանակցություններին եւ ստորագրվելիք վարկային համաձայնագրերին առնչվող հարցեր, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Գագիկ Բեգլարյանը հանձնարարել է սկսել ճանապարհահատվածի տեխնիկական ուսումնասիրության աշխատանքները, քանի որ այն բավականին բարդ և երկար ժամանակ պահանջող գործընթաց է:
«Աշխատանքները պետք է սկսել, պետք է կատարել տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, որպեսզի տեղավորվենք ժամկետների մեջ»,- ընդգծել է նախարարը:
Նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո կհայտարարվի մրցույթ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Երրորդ տրանշի շինարարական աշխատանքների համար:





