Սեպտեմբերի 27-28-ը Հռոմում էր գտնվում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Այցի շչջանակում նախարար Դավթյանը հանդիպեց նաև Իտալիայի տարածքային կառավարման, զբոսաշրջության և սպորտի նախարար Պ.Նյուդիին:
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, զրուցակիցները գոհունակություն արտահայտեցին` Իտալիայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ զբոսաշրջիկների թվի տարեցտարի արձանագրվող աճի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում կարևորվեց երկու երկրների միջև զբոսաշրջության հոսքերի ավելացումը և մատնանշվեց զբոսաշրջային արդյունաբերության մեջ ներդրումների խրախուսման անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին երկու նախարարների կողմից ստորագրվեց «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Իտալիայի տարածաշրջանային գործերի, զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» Փոխըմբռնման հուշագիր:
Այցի երկրորդ օրը Հռոմի Առևտրի պալատի նստավայրում` պատմական Տեմպի Ադրիանի սրահում, անցկացվեց հայ-իտալական գործարար համաժողով: Հռոմում առաջին անգամ է տեղի ունենում ՀՀ էկոնոմիկայի նախարարի մասնակցությամբ գործարար համաժողով: Այն կազմակերպվել էր Իտալիայում ՀՀ դեսպանության, Հռոմի Առևտրի պալատի և Զարգացման Հայկական գործակալության կողմից և անցկացվել Իտալիայի տնտեսական զարգացման նախարարության հովանու ներքո:
Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին 14 հայաստանյան և շուրջ 120 իտալական ընկերությունների ներկայացուցիչներ Իտալիայի Լացիո և այլ նահանգներից:
Համաժողովին ելույթներով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը, Իտալիայի Առևտրի պալատի նախագահ Ջ.Կրեմոնեզին, Իտալիայի տնտեսական զարգացման նախարարության պետքարտուղար Կ.Դե Վինչենտին և երկկողմ առևտրային պալատների միության գլխավոր քարտուղարի տեղակալ Ս.Պետտինատոն:
Իրենց ելույթներում թե` Հայաստանի և թե` Իտալիայի պաշտոնյաները գոհունակությամբ նշեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների վերջին տարիներին արձանագրված դրական դինամիկան, միաժամանակ ընդգծելով այդ հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը և դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանների առկայությունը:
Այնուհետև Զարգացման Հայկական գործակալության ներկայացուցիչը համաժողովի մասնակիցներին համառոտ ներկայացրեց Հայաստանում առկա բիզնես մթնոլորտը, Հայաստանի արտահանման և ներմուծման ցուցանիշները և հիմնական ոլորտները, ներդրումների խրախուսմանն ուղղված պետության հարկային և մաքսային քաղաքականությունը, ինչպես նաև Հայաստանում ստեղծվող ազատ առևտրի գոտիների ազդեցությունը բիզնեսի զարգացման վրա:
Միջոցառմանը նաև ելույթներով հանդես եկան Հայաստանում արդեն իսկ հաջողությամբ գործող իտալական երեք ընկերությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի ընթացքում հայտարարվեց Հռոմում Իտալա-հայկական Առևտրային պալատ հիմնելու գործընթացի մեկնարկի մասին:
Միջոցառման ինստիտուցիոնալ մասի ավարտին նախարար Դավթյանը և դեսպան Կարապետյանը պատասխանեցին իտալական ընկերությունների ներկայացուցիչների հարցերին:
Այնուհետև տեղի ունեցավ համաժողովի գործնական մասը, որի ընթացքում հայաստանցի և իտալացի գործարարները հնարավորություն ունեցան անմիջական շփումների միջոցով քննարկել միմյանց միջև համագործակցության հնարավորությունները:





