Պետք է զգուշանալ Սիլվիո Բեռլուսկոնիի կամ Բիձինա Իվանիշվիլու նման պետության ղեկավար-օլիգարխներից, կարծում է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: «Այդ մարդիկ մեկ աստված ունեն` փողը»,- հայտարարել է քաղաքագետը Երևանում մամլո ասուլիսում:
Նրա խոսքով, ինչպես երկրի, այնպես էլ նրա հարևանների համար վտանգավոր է, երբ երկրում ամեն ինչ կախված է նման արտառոց մարդկանցից:
Կիրակոսյանը հավելել է, որ բացասական է վերաբերվում քաղաքականության մեջ օլիգարխների մասնակցությանը, «լինի դա Բեռլուսկոնին Իտալիայում, թե հայ օլիգարխները, որոնք Ազգային ժողովը վերածել են բիզնես ակումբի»:
Վրաստանում ընտրությունները կայացել են հոկտեմբերի 1-ին: ԿԸՀ նախնական տվյալներով, քվեաթերթիկների 97,03 տոկոսի հաշվարկից հետո «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիան կուսակցական ցուցակներով հավաքել է ձայների 55 տոկոսը, Միխայիլ Սահակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը` 40,27 տոկոս:





