Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի հիմնական մասնակիցները Հայաստանն ու Ադրբեջանն են: Այս մասին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործանախարար Դիմիտրի Ռուպելը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ որքան շուտ ղարաբաղյան կողմը միանա բանակցություններին, այնքան լավ: Նա նաեւ նշել է, որ հարցի լուծումը հնարավոր չէ այլ ճանապարհով, բացի բանակցությունների ճանապարհից` լինի դա ԵԱՀԿ, թե որեւէ այլ միջազգային կառույցի հովանու ներքո:«Ագրեսիվ հայտարարություններին պետք է վերջ տրվի, եւ կողմերը պետք է ձեռնամուխ լինեն փոխվստահության մթնոլորտի ստեղծմանը»,- ընդգծել է նա: ԵԱՀԿ ղեկավարը քննարկել է այդ խնդրի վերաբերյալ Ադրբեջանի կողմից ագրեսիվ հայտարարությունների հաճախականացումը, եւ հայտարարել է, որ ոչ ԵԱՀԿ-ն, ոչ Եվրախորհուրդը, ոչ էլ որեւէ այլ կազմակերպություն, որում ընդգրկված են ինչպես Հայաստանը եւ Սլովենիան, այնպես էլ Ադրբեջանը, չեն տեսնում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցություններին որեւէ այլընտրանք: Դիմիտրի Ռուպելը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մայիսին կայանալիք հանդիպումը արդյունավետ կլինի: Նրա կարծիքով` այդ հարցի շուրջ բանակցությունները պետք է անցկացվեն ոչ միայն նախագահական մակարդակով, այլ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարների մակարդակով: Նա նաեւ վստահգություն է հայտնել, որ հակամարտության կարգավորման դեպքում հաշվի կառնվեն ԵԱՀԿ բոլոր առաջարկությունները: Ինչպես նշել է Ռուպելը, ղարաբաղյան հակամարտությունը եզակի է իր բոլոր պարամետրերով եւ ԵԱՀԿ այն չի դասում հետխորհրդային տարածքում մյուս սառեցված հակամարտությունների շարքում: Իր ելույթում Ռուպելն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ռազմական ուժերի շփման գծում իրավիճակի հետագա լարման վտանգավորությունն ու անթույլատրելիությունը եւ մտադրություն հայտնեց Բաքվում բարձրացնել նաեւ այդ խնդիրը: Հայաստանի արտգործնախարար Վ.Օսկանյանն իր հերթին վստահություն է հայտնել, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` արդեն դրական գործոն է:





