AM
10 Հոկտեմբեր 2012 - 05:49 AMT

«Հրապարակ». Երևանի քաղաքապետրանում մեկ օրում 45 գրիչ են սպառում

Թերթը գրում է. «Հայաստանի հանրապետության ֆինանսների նախարարության Պետական գնումների պաշտոնական ինտերնետային կայքն ավետում է, որ «Կայքում Դուք կարող եք համապարփակ տեղեկատվություն ստանալ Հայաստանի Հանրապետության գնումների համակարգի վերաբերյալ: Հուսով ենք, որ կայքը Ձեզ համար օգտակար կլինի և կնպաստի հանրային միջոցների ծախսման գործընթացի բարելավմանը, ինչն իր դրական ազդեցությունը կունենա Հայաստանի Հանրապետության զարգացման գործում»:

Համապարփակ և հարուստ տեղեկություններից «Հրապարակ»-ին գրավեց հատկապես մեկը՝ «Գնումների պլաններ» բաժնում «Երևանի քաղաքապետարանի 2012 թվականի գնումների փոփոխված պլան» տեղեկությունը: Ըստ այդ տեղեկության, Երևանի քաղաքապետարանն առանց վարչական շրջանների 2012 թվականին տեղական ինքնակառավարման մարմնի` ասել է թե նաև երևանցիների վճարած հարկերից գոյացած բյուջեից ծախսելու է 38.3 միլիարդ դրամ: Այս գումարից քաղաքապետարանը երեք տեսակի 9000 հատ գրիչի համար առանձնացրել է 1.12 միլիոն դրամ: Եվս 120 հազարով քաղաքապետարանը գնել է 2000 հատ մատիտ, իսկ 5 400 դրամով՝ մատիտի միջուկի 20 տուփ: Մի խոսքով, գրագրության, գծագրության և նման բաներ անելու համար քաղաքապետարանը ծախսել է մոտ 1.2 միլիոն դրամ և իրեն ապահովել գրելու առնվազն 11 հազար միջոցով: Եթե այս «զինանոցը» բաժանենք տարվա մոտ 240-250 աշխատանքային օրվա վրա, կստացվի, որ միայն Երևանի քաղաքապետարանում՝ առանց վարչական շրջանների, օրական 44-46 գրիչ են օգտագործում, սպառում, դեն նետում: Կարելի էր չզարմանալ, եթե նույն «Երևանի քաղաքապետարանի 2012 թվականի գնումների փոփոխված պլան» տեղեկությունն այլ գնումներ չներառեր: 2012 թվականին քաղաքապետարանը գնել է A4 ֆորմատի թուղթ 15 տոննա` 11.7 միլիոն դրամ, 23 քարթրիջ՝ 1.7 միլիարդ դրամ:

Քաղաքապետարանը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության մի մասնիկ է, պաշտոնական կայք ունի ու թվայնացրել է «Մեկ պատուհանը», կարելի է քաղաքապետարանին առցանց դիմում գրել ու առցանց էլ պատասխան ստանալ, կարելի է առցանց վճարել գույքի և հողի հարկը: Այս ամենում ոչ գրիչ է պետք, ոչ մատիտ, ոչ էլ մատիտի միջուկ: Բայց քաղաքապետարանը 1.2 միլիոն ծախսել է հենց դրանց վրա: Ու այնքան էլ հասկանալի չէ, թե տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվող քաղաքապետարանի ինչին է պետք 11 հազար հատ գրելու միջոցը: Կամ՝ ինչպե՞ս հասկանալ, որ քաղաքը տեսքից գցող ինքնակամ կառույցները քանդելուն քաղաքապետարանը ոչ մի դրամ չի տրամադրել, փոխարենը 20 միլիոն է առանձնացրել այդ նույն քաղաքում ներդրումային բուկլետների (15 հազար հատ, 6 միլիոն), ներդրումային-տեղեկատվական գրքույկների (4 հազար հատ, 6 միլիոն), ներդրումային կատալոգների (4 հազար հատ, 8 միլիոն) տպագրության համար:

Ո՞վ ներդրում կանի անտեսք քաղաքում, որտեղ մի կողմից ծառ են տնկում, հակառակ կողմից՝ կտրում, որտեղ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության են անցել, բայց օրական 45 գրիչ են օգտագործում, սպառում, դեն նետում»: