«Առավոտ»-ն իր յասօրվ ահամարում գրում է. «Օդային բարձրավոլտ հոսանքալարերը մարդու առողջության համար վնասակար են և պատահական չէ, որ դրանց մեծ մասն անցկացվել են լեռնալանջերով՝ բնակավայրերից հեռու: Սակայն տարիների ընթացքում օրինավոր կամ ապօրինի հողահատկացումների հետևանքով սննդի, սպասարկման, բնակելի և բազմաբնույթ կառույցները հայտնվել են հոսանքալարերի վտանգավոր գոտում:
Մասնագետներն ասում են, որ 110 կիլովատանոց հոսանքագծի տակ ապրողը կարող է հիվանդանալ մաշկի, գլխի, աչքերի քաղցկեղով՝ էլեկտրամագնիսական դաշտի ազդեցության պատճառով:
Բնական է, որ այդ տեղեկությունը բնակչությանն իրազեկում են մարզային էներգահամակարգի աշխատակիցները, որոնք օգտվելով իրենց վերապահված լիազորություններից, կարող էին ժամանակին կասեցնել ապօրինի կառուցապատումները վտանգավոր տեղանքում:
«Լույսի մարդ»-հսկիչները բնակիչներին «զգուշացում» վերնագրով թերթիկներ են բաժանում, ապա դեմ տալիս մատյանը, ասում՝ ստորագրիր, հետո կկարդաս, և ծլկում են: Թերթիկներում գրված է.«Հարգելի պարոն, Ձեր կողմից կառուցված բնակելի տան կամ օժանդակ շինության պատճառով խախտվել է ՀՀ կառավարության 2000թ. մայիսի 18-ի N249 որոշմամբ հաստատված «1000 ոլտից բարձր լարման էլեկտրական ցանցերի պահպանության կանոնների» և մայիսի 26-ի N313 որոշմամբ հաստատված՝ «էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգի» պահանջները: Անվտանգության գոտին ընդգրկում է էլեկտրահաղորդման օդային գծերի երկայնքով եզրային հաղորդալարերից յուրաքանչյուր կողմից 2 մինչև 1կվ և 10՝ մինչև 10կվ լարման դեպքում հեռավորությամբ տարածությունը: Պահանջվում է ապահովել անվտանգության գոտին շենք, շինության տեղափոխումով կամ հնարավորության դեպքում օդային գծի տեղափոխմամաբ: Տեղեկացնում ենք, որ նշված միջոցառումներն իրականացվելու են Ձեր միջոցների հաշվին: Անվտանգության գոտու չափերի ապահովման համար միջոցներ չձեռնարկելու դեպքում կամ այդ տարածքում կատարվող ցանկացած ռիսկային աշխատանքներ կատրարելիս ամբողջ պատասխանատվությունը ինչպես անվտանգության, այնպես էլ գծի պահպանումը, մնում է Ձեզ վրա»: Երկարաշունչ այս ձևակերպումներից նույնիսկ մասնագետները գլուխ չեն հանի, ուր մնաց թե հոսանքի լարումից անտեղյակ մարդիկ: «Զգուշացումը» ստորագրած Վայքի և Եղեգնաձորի էլցանցերի բաժանմունքների պետերը հետաքրքիր է՝ գիտակցո՞ւմ են բնակիչների վրա ինչ վտանգավոր պատասխանատվություն են դնում:
Վայքի էլցանցի տնօրինությանը պիտի ցավով հիշեցնեմ 3 տարի առաջ Ազատեկ գյուղում 33-ամյա Վախթանգ Ղազարյանի հոսանքահարման ողբերգական դեպքը: Ի՞նչու ձեր ծախսերով նրա այգու տարածքից չտեղափոխեցիք հոսանքալարերը, որպեսզի վերջինիս երկու անչափահաս երեխաները անհայր չմեծանային:
Այդ աղմկալի միջադեպից հետո ձեր մեղքը պարտակելու համար սկսեցիք «զգուշացումներ» ցրել բնակչության շրջանում՝ վերադասին ցույց տալով ձեր «նվիրական աշխատանքը»: Գործին խառնվեց այդ ժամանակվա մարզպետ Վարդգես Մաթևոսյանը, ստեղծեց հանձնաժողով, որը մարզի տարածքում հաշվարկեց վտանգավոր գոտում գտնվող 547 կառույց: Գույքագրումը կատարվել է փոխվարչապետի հանձնարարականով: Հսկողությունն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչիկ Ասլանյանը, որը հաղորդալարերի տեղափոխման աշխատանքների ձգձգումը արդարացնում է ֆինանսների սղությամբ:
Անտեսվում է նաև բնակիչներ արդարացի դժգոհությունը, որոնք պահանջում են տասնամյակներ առաջ կառուցված իրենց շինությունների վրայով վերջին շրջանում էլցանցերի կողմից անցկացված բարձր լարման հաղորդալարերն ապամոնտաժել: Հավատացնում են, թե դրանք առաջիկայում կփոխարինվեն ստորգետնյա մալուխներով, որոնք թանկարժեք են, անվտանգ»:





