Հոկտեմբերի 13-ին` ժամը 14.00-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի կունենա «Dasaran.am» կրթական ծրագրի և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության համատեղ նախաձեռնությամբ մեկնարկած «Աշխարհն իմ գույներով» խորագրով համադպրոցական նկարչական օլիպիադայի մասնակիցների աշխատանքների ցուցադրման և հանդիսավոր մրցանակաբաշխության արարողությունը: Նշենք, որ միջոցառումը նվիրված է «էրեբունի-Երևան-2794» տոնակատարությանը և անցկացվում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Մրցույթը հասանելի էր «Dasaran.am» կրթական ծրագրի ցանցում ներգրավված բոլոր դպրոցների աշակերտներին: Մրցույթին մասնակցել են Հայաստանի Հանրապետության 7 մարզերի և Երևանի 346 դպրոցի աշակերտները՝ ներկայացնելով ավելի քան 3200 ձեռքի աշխատանք:
Միջոցառման ընթացքում կհայտարարվեն հաղթողների անունները. յուրաքանչյուր տարիքային խմբում մրցանակներ կտրվեն 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտներին, ինչպես նաև յուրաքանչյուր տարիքային խմբի լավագույն աշխատանքին կշնորհվի «Գրան պրի» մրցանակ: Բացի այդ՝ կպարգևատրվի նաև առցանց քվեարկության արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցը, իսկ եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցներին, որոնց թիվն անցնում է 100-ը, կտրվեն խրախուսական նվերներ և պատվոգրեր:
Մրցույթի հանձնաժողովը ձևավորել է ՀՀ մշակույթի նախարարությունը՝ ընդգրկելով Գեղագիտության ազգային կենտրոնի ներկայացուցիչներին և «Dasaran.am» կրթական ծրագրի ղեկավարության անդամներին:
Նշենք, որ 3 տարիքային խմբերում «Գրան պրի» մրցանակ ստացած աշակերտների աշխատանքների շնորհիվ կպարգևատրվեն նաև մասնակիցների դպրոցները:
Հիշեցնենք, որ «Dasaran.am» կրթական ծրագրին աջակցում են ՀՀ ԿԳ նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը, իսկ մարզերում համապատասխան գործունեություն ծավալելու նպատակով կրթական ծրագիրն ստացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի թույլտվությունը: Նշենք, որ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքերով:





