AM
12 Հոկտեմբեր 2012 - 06:20 AMT

«Հրապարակ». ԱԺ մուտք գործող մեքենաների համար նոր կարգ է սահմանվել

«Հրապարակ»-ը գրում է, որ ԱԺ մուտք գործող մեքենաների համար նոր կարգ է սահմանվել:

«Ֆրակցիայի ղեկավարներն ու հանձնաժողովների նախագահներն ԱԺ բակ մտնելիս պետք է իջեցնեն իրենց ավտոմեքենաների ապակիները, անվտանգության աշխատակիցը պետք է գլուխը մտցնի մեքենայի մեջ, տեսնի այնտեղ ով կա, ինչ կա-չկա, ապա թույլ տա, որ մեքենան մտնի բակ:

Ի դեպ, այս կարգը սկսել է գործել գլխավոր դատախազի` Օսկանյանի հարցով ԱԺ միջնորդություն ներկայացնելուց մի քանի օր առաջ: Ո՞րն է պատճառը. որևէ մեկը չի բացատրում: Այդ հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ինքը որևէ կապ չունի դրա հետ, «դա անվտանգությունն է անում»:

Ընդ որում, Հովիկ Աբրահամյանի մտերիմ-մերձավորները` Թոխմախի Մհերը, մյուս «ճշտով» տղերքը, որոնք մեքենայով բակ մտնելու իրավունք չպետք է ունենան, նաև ԱԺ նախագահի օգնական Ժորիկն ու գործերի կառավարիչ Համիկը, կարող են առանց «պատուհանվելու» մտնել»,-գրում է թերթը: