AM
16 Հոկտեմբեր 2012 - 06:38 AMT

«Առավոտ». Մահացածից ու անհայտ բացակայողից էլ են ջրի վարձ ուզել

«Առավոտ» թերթը գրում է, որ Սուսաննա Գրիգորյանը, որի ընտանիքը գտնվում է ծայրահեղ աղքատ վիճակում, օրերս պարզել է, որ «Երևան Ջուր» ընկերությանը հսկայական գումարներ է պարտք: Քաղաքացի Գրիգորյանից դատարանի վճռով հօգուտ ջրամատակարար ընկերությանը պետք է գանձվի մոտ 400 հազար դրամ: Մինչդեռ տիկին Գրիգորյանը պնդում է, որ ընկերությունը դատարան սխալ փաստեր է ներկայացրել, ինչի արդյունքում գումարն այդքան մեծ է ստացվել. «Երևան Ջուրը» անձերի թվի սխալ հաշվարկ է ներկայացրել դատարան: Ընկերությունն առանց ստուգելու, թե քանի անձ կա գրանցված իմ բնակարանում, ԲՇՏ-ից հին տվյալներն է վերցրել և ներկայացրել դատարան: Բայց կան մարդիկ, որոնք դատարանի վճռով անհայտ բացակայող են ճանաչվել, և Հ.Էմինի 7շ. 4-րդ բնակարանի նկատմամբ նրանց իրավունքը անվավեր է ճանաչվել, բացի այդ «Երևան Ջուրը» մահացած երեխային էլ է հաշվել, և այդ սխալ տեղեկատվությամբ, սխալ հաշվարկներով ներկայացվել է դատարան: Իսկ դատական նիստի մասին ես անգամ ծանուցված չեմ եղել, որպեսզի ներկայանամ դատարան ու իմ փաստերը ներկայացնեմ, դատարանն էլ ոչ ճիշտ հիմքերի վրա կայացրել է դատավճիռ, որը բացարձակապես ճիշտ չէ»:

Տիկին Գրիգորյանի խոսքով` մինչև 2005թ. հունիս ամիսը ջրի խողովակներ ու ջրագծեր չի ունեցել. «Ես ինչի՞ վրա պետք է սարք տեղադրեի, և անհասկանալի է` ջրագծերի բացակայության պայմաններում որտեղի՞ց են այդ ահռելի գումարները ստացել և գրել ինձ վրա: Միգուցե ջրաչափը պետք է օդո՞ւմ տեղադրեի»: Քաղաքացին բողոքով դիմել է «Երևան Ջուր» ընկերության Արաբկիրի մասնաճյուղ` պահանջելով սխալն ուղղել և ճիշտ վերահաշվարկ անել, սակայն տիկին Գրիգորյանի խոսքով` ընկերությունից խուսափում են նրա դիմումին գրավոր պատասխանել և միայն բանավոր են պատասխանում: «Առավոտ» թերթի հետ զրույցում տիկին Սուսաննան պատմեց. «Կաթված տարած կին եմ, հիպերտոնիկ հիվանդ, իմ խնամքի տակ երկու տղա երեխաներ են, որոնք հոգեկան հիվանդ են, անաշխատունակ, ինքս էլ չեմ աշխատում, գտնվում եմ խիստ ծանր սոցիալական վիճակում, չեմ կարողանում հոգալ նույնիսկ ամենօրյա հացի խնդիրը, երեխաներս սոված քնում, սոված արթնանում են: Եվ այդքանով հանդերձ` ինձ պարտքերի մեջ են գցել»:

Տիկին Սուսաննան ջրամատակարար ընկերության գրած հավելյալ գումարների հարցով նամակով դիմել է ՀՀ նախագահին և Մարդու իրավունքների պաշտպանին: