Այսօր Էջմիածնում «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը Էջմիածնի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացրեց «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ» միջոցառումը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունից:Տոնավաճառը կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթությունն ավագ դպրոցի աշակերտների համար» ծրագրով:
Մասնակցել և իրենց արտադրանքները սպառողներին են ներկայացրել հանրապետության ավելի քան 30 ավագ դպրոցների լավագույն աշակերտական ընկերությունների ներկայացուցիչներ Երևանից և հանրապետության բոլոր մարզերից:
Ծրագրի նպատակը աշակերտներին կայուն և հարուստ տնտեսագիտական գիտելիքներով ապահովելն է: Այն նպաստում է աշակերտների ձեռնարկատիրական և գործարար հմտությունների զարգացմանը: Ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում գործարարության պրակտիկ ուսուցմանը: Ծրագրի շրջանակներում աշակերտները հիմնում են գործարար ընկերություններ, կատարում են շուկայական հետազոտություն, գրում են բիզնես – պլան, թողարկում և վաճառում են ընկերության բաժնետոմսերը և կազմակերպում են ապրանքի կամ ծառայության արտադրությունը:
Տոնավաճառից գոյացած դրամական միջոցների մի մասը աշակերտներն ուղղելու են տարբեր բարեգործական ձեռնարկների:





