Հայաստանը հրադադարի պայմաններում ապրող երկիր է և Արցախում մեկնարկած զորավարժությունները կարևոր են հասարակության տագնապները ցրելու տեսանկկյունից: Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի բնորոշմամբ` մի բան է ասել, որ բանակը մարտունակ է, մեկ այլ բան` ապացուցել դա:
«Կարևոր է, որ ժողովուրդը տեսնի, որ մեր բանակը ունակ է պաշտպանելու իրեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դավիթ Ջամալյանը:
Ինչպես նկատում է ռազմական փորձագետը, վերջին տարիներին մեր բանակը նոր սպառազինությամբ է համալրվել, և Արցախում մեկնարկած զորավարժությունների շնորհիվ Հայաստանի Զինված ուժերի անձնակազմը յուրացնում է այդ տեխնիկան:
Փորձագետը նկատում է, որ արդեն մի քանի ամիս է` ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը Արցախի տարածք չեն մտնում: Բանն այն է, որ մեր բանակը նոր սարքեր է ձեռք բերել, որոնք խափանում են անօդաչու թռչող սարքերի կապը կենտրոնի հետ: PanARMENIAN.Net ի – հարցին, թե ինչու Հայաստանը ձեռնամուխ չի լինում սեփական ռազմական արդյունաբերությանը, Դավիթ Ջամալյանը պատասխանեց. «Արդյունաբերության ավարտուն ցիկլ ապահովելը շատ բարդ է, իսկ մենք այսօր հիմնվում ենք այն բազայի վրա, որը մնացել է խորհրդային տարիներից»: Հարցին ամբողջական պատասխան տալ փորձագետը դժվարացավ և նշեց, որ դա ավելի նեղ մասնագիտական հարց է:





