AM
19 Հոկտեմբեր 2012 - 09:59 AMT

«ԱրմենՏել»-ը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, «Հարավկովկասյան երկաթուղի»-ն և «Հայփոստ»-ը չարաշահել են գերիշխող դիրքը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր որոշել է «ԱրմենՏել», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Հարավկովկասյան երկաթուղի», «Հայփոստ» ընկերությունների դեմ կիրառվելիք պատասխանատվության միջոցները:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով ամեն օր ՏՄՊՊՀ են դիմում բազմաթիվ քաղաքացիներ` բողոքելով մեծ ընկերությունների, հատկապես մենաշնորհ ունեցողների դեմ:

«Խախտումները պատժվելու են համապատասխան օրենքի, բայց մենք ուզում ենք, որ պատիժն ինքնանպատակ չլինի: Մեր կողմից գնահատվում է, երբ վարույթի ընթացքում, խախտում թույլ տված ընկերությունը շտկում է իրավիճակը: Դրանից հետո էլ, իհարկե, մենք հետևողական պետք է լինենք», – ասաց Արտակ Շաբոյանը:

Այսօր ԱրմենՏել ընկերությունը տուգանվել է 30 մլն դրամով` առանց սպառողին տեղեկացնելու ինտերնետ ծառայությունից օգտվելու տարբերակված սակագին կիրառելու համար:

ԱրմենՏելը 49-ի փոխարեն 90 դրամ էր գանձել 1 ՄԲ ինտերնետի համար: Ըստ ընկերության բացատրության 90 դրամ արժեցող «Ինտերնետ բոլորի համար» սակագնային փաթեթն ակտիվանում է առանց կարգավորումների, իսկ 49 դրամ արժեցող «էքսլյուիզվ բիզնես» փաթեթի համար հատուկ կարգավորումներ են պետք: Հանձնաժողովը որոշեց, որ ԱրմենՏելը մոլորեցրել է սպառողներին:

Հայաստանի Էլեկտրական ցանցերը չարաշահել է գերիշխող դիրքը, չի կատարել պայմանագրային պարտավորությունները` բնակչին զրկելով էլեկտրամատակարարումից:

Երևանի բնակիչ Աշոտ Ոսկանյանը երկար ժամանակ օգտվել է մեկ այլ քաղաքացու բաժանորդային քարտից, որը 645 հազար դրամ պարտք է ունեցել: Երբ դիմել է «ՀԷՑ»-ին իր համար մատակարարման պայմանագիր կնքելու համար, հրաժարվել են, պահանջելով նախ վճարել պարտքը: Վարույթի ընթացքում խնդիրը լուծվել է, պայմանագիրը կնքվել է:

«Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքից դժգոհ են Վրաստան մեկնողները: Բողոքները մասնավորապես տոմսերի վաճառքի և դրանց վերադարձի, միաժամանակ մեկնման և հետդարձի տոմս ձեռք բերելու անհնարինության, էլեկտրոնային եղանակով տոմսերի բարձր գների շուրջ են: Վարույթի ընթացում այս ընկերությունը ևս որոշ խնդիրներ լուծել է, նաև գրավոր պարտավորություն ստանձնել որոշակի ժամանակահատվածում շտկել մյուսները:

«Հայփոստը» նամակները տեղ է հասցնում ուշացումով և հաճախ ուղարկվում են սխալ հասցեներով: Այսպիսի խախտումները հատկապես խոչընդոտում են պետական մարմինների աշխատանքին:

Ընկերությունը զգուշացվեց զերծ մնալ նման գործելաոճից: ՏՄՊՊՀ-ն այս մասով նաև օրենսդրական առաջարկներ է մշակել ,որոնք ուղարկելու է Տրանսպորտի և կապի նախարարություն: